«Կոմերսանտ» պարբերականը տեղեկացնում է, որ «ՌուսՀիդրո» ընկերությունը ակնկալում է մոտակա ժամանակահատվածում ավարտել «Հայաստանի Միջազգային էներգետիկ կորպորացիան» (որին պատկանում է Սեւան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների կասկադը) ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից գնելու գործարքը:

«Մենք կոռեկտ պայմանավորվել ենք «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի գործընկերների հետ, որ նրանք ավելի շատ մասնագիտանում են ջերմակայանների վրա: Հուսով եմ, որ մոտակա ժամանակահատվածում կավարտենք այդ ակտիվի գնման գործարքը», «Կոմերսանտին» ասել է «ՌուսՀիդրո»-ի կառավարման Խորհրդի նախագահ Եվգենի Դոդը:

Նա նաեւ ասել է, որ Սեւան-Հրազդան կասկադի համալիր վերակառուցման հարցը Հայաստանի կառավարության հետ համաձայնեցվել է 3 տարի առաջ եւ այդ ծրագրի մեջ ներդրումների ծավալը կկազմի մոտ 40 միլիոն դոլար։

«Դա մեր պրոֆիլն է, եւ դրա համար այն մեզ համար հետաքրքիր օբյեկտ է, առավել եւս Հայաստանը մենք գիտենք, վաղուց աշխատում ենք այնտեղ», ասել է Ե. Դոդը։

Հիշեցնենք, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիային» պատկանում են 7 հիդրոէլեկտրակայաններ Հրազդան գետի վրա։ Դրանց ընդհանուր հզորությունը 561 ՄՎտ է։ Տարեկան արտադրվում է մոտ 550-600 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, որը հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 10 տոկոսն է։ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» բաժնետոմսերի 90 տոկոսը։