Բարձր գնահատելով Թուրքիայի ակտիվ դերը տարածաշրջանում` Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյը եվրոպական երկրներին կոչ է արել, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների արդյունքներին չսպասելով, Թուրքիայի հետ զարգացնել ավելի սերտ փոխհարաբերություններ:
«1999-ին Թուրքիան դարձավ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու: 2005-ին սկսվեցին բանակցությունները: Թեեւ գործընթացը դժվարությամբ է առաջ գնում` հաջորդ տարի ավելի մեծ առաջընթաց ունենալու հնարավորություն կա: Բարեփոխումները Թուրքիայում հասել են զգալի արդյունքների», - նշել է Վան Ռոմպեյը, գրում է Today’s Zaman-ը:
Եվրամիության նախագահի խոսքով Թուրքիան որպես միջնորդ ակտիվ դերակատարություն ունի հարեւան երկրների` Իսրայելի եւ Սիրիայի հետ հարաբերություններում, նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում:
«Թուրքիան Եվրամիության հինգ երկրների նման նաեւ G-20-ի լիարժեք անդամ է: Ես կարծում եմ, որ նախքան բանակցությունների վերջնական արդյունքը Եվրամիությունը պետք է սերտ հարաբերություններ զարգացնի Թուրքիայի հետ», - նշել է Եվրամիության նախագահը:





























