Մեղադրող դատախազները  բողոքարկել  են Ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում սպանված Վահան Խալաֆյանի գործով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ. նոյեմբերի 29-ի դատավճիռը՝ վերաքննիչ քրեական դատարանին խնդրելով բեկանել այն՝ Գարիկ Դավթյանի եւ Գագիկ Ղազարյանի արդարացման մասով:

Հիշեցնենք, որ նշված դատավճռով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  հիմնավորված է համարել, որ ՀՀ ոստիկանության՝ Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, պաշտոնեական լիազորություններն անցնելով, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության՝ Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ եւ 29.11.2010թ.  դատավճռով  նրան  ՀՀ քրեական  օրենսգրքի 309-րդ  հոդվածի 3-րդ մասով դատապարտել 8  տարվա ազատազրկման:

Նույն բաժանմունքի օպերլիազոր Մ. Հայրապետյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է  ծառայության շահերին հակառակ՝ իր անմիջական ղեկավարին չհակադրվելու եւ նրա հետ ունեցած ծառայողական  փոխհարաբերությունները պահպանելու  անձնական շահագրգռվածությունից ելնելով: Մ. Հայրապետյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 2 տարվա պայմանական ազատազրկման:

Իսկ ոստիկանության նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ապացույցները դատարանը բավարար չի համարել եւ նրանց մասով կայացրել արդարացման դատավճիռ:

Սակայն  դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազների գնահատմամբ դատարանում հետազոտված ապացույցների համադրումն ու վերլուծությունը վկայում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված  հանցանք գործելու  մեջ  Գարիկ Դավթյանի եւ  Գագիկ Ղազարյանի մեղավորությունը  հաստատվել է  գործին վերաբերվող փոխկապակցված հավաստի  ապացույցների բավարար ամբողջությամբ, ձեռք բերված ապացույցներով ամբաստանյալներին  առաջադրված  մեղադրանքները  լիովին հիմնավորվել են, ապացուցված են այն արարքները, որոնց կատարման մեջ մեղադրվել են նրանք եւ դատարանը, քրեական գործով ձեռք բերված ապացույցները սխալ վերլուծելու, համադրելու եւ գնահատելու արդյունքում,  2010թ. նոյեմբերի դատավճռով  Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին  մասով նախատեսված հանցագործության մեջ ճանաչելով անմեղ ու արդարացնելով, թույլ է տվել դատական սխալ:

Գործի փաստական հանգամանքների մասին  դատական ակտում  շարադրված դատարանի հետեւությունները չեն համապատասխանում  դատարանում հետազոտված ապացույցներին: Նշված դատական սխալը, որն ազդել է գործի արդյունքի վրա, խաթարում է արդարադատության բուն էությունը, դատարանի որոշման՝ որպես արդարադատության ակտի իմաստը,  խախտում է սահմանադրորեն պաշտպանվող  շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը,- վերաքննիչ բողոքում նշել են մեղադրող դատախազները՝  խնդրելով՝  Գարիկ Դավթյանին եւ Գագիկ Ղազարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ի մասով  առաջադրված մեղադրանքներում արդարացնելու մասով դատավճիռը բեկանել եւ այդ մասով եւս մեղադրական դատավճիռ կայացնել:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի