Թերթն անդրադառնում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում թիվ 252 բանաձեւի ճակատագրին եւ նշում, որ պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկ առ մեկ հեռաձայնել է դեմոկրատ կոնգրեսականներին, որ կարողանա քվեարկության դնել բանաձեւը եւ դնելու դեպքում ապահովել քվեարկության հաջողությունը:
Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, ապա նա էլ նիստին ներկա լինելու կոչ է արել իր խմբակցության անդամներին, որ քվեարկությունը տապալի: Համենայն դեպս, Նենսի Փելոսին հնարավոր ձախողման մտահոգությամբ է, որ բանաձեւը քվեարկության չի դրել: Թերեւս դրանով էլ փրկել է հավանական ձախողումից:
Այդ առումով պատահական չէ, որ Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալություն է հայտնել տիկին Փելոսիին: Հակառակ դրան, Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն` ANCA-ն, ի դեմս նախագահ Քեն Խաչիկյանի, Նենսի Փելոսիին, թուրքական թերթերի վկայությամբ, ոչ միայն մեղադրել է ԱՄՆ-ի հայ համայնքի վստահությունը չարաշահելու մեջ, այլեւ ամերիկահայերին կոչ է արել, որ հաղորդագրություններով դատապարտեն Ներկայացուցիչների պալատի արդեն նախկին խոսնակին:
Կարելի է հասկանալ ամերիկահայության ապրած հիասթափությունը, ինչպես նաեւ այդ հիասթափությունից բխող հակազդեցությունը: Չպետք է սակայն մոռանալ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, անկախ հիասթափությունից, անդառնալի բնույթ է ստացել ԱՄՆ-ում: Այսինքն, դեկտեմբերի 21-ին բանաձեւն ընդամենը դուրս է մնացել նիստի, այլ ոչ թե Ներկայացուցիչների պալատի օրակարգից:
Բացի այդ, նախընտրելի է, որ Հայոց ցեղասպանության բանաձեւը առանց դրական արդյունքների մասին նախապես վստահ լինելու, քվեարկության չդրվի, քան քվեարկությամբ մերժվի, որովհետեւ մերժվելու դեպքում անտեղի կչարչրկվի: Ավելին, դրանով բանաձեւի հակառակորդները կստանան դա Ներկայացուցիչների պալատի օրակարգից առհասարակ դուրս մղելու հնարավորություն, այսպիսով թուրքերի զգուշավոր գոհունակությունը կվերածվի լիարժեք ոգեւորության:





























