Եվրոպան այդքան էլ չի փորձում եզրակացություններ անել սեփական անմտություններից։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին Ռաեւսկին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Եվրոպան եզրակացություններ արել է կատալոնյան ճգնաժամից եւ արդյոք պատմությունը շարուն ակություն կունենա:
Նրա խոսքով՝ Իսպանիայում հակամարտությունը կարող էր լուծվել մինչեւ դրա սրվելը։ «Ամեն դեպքում, դա բանակցությունների հարց է: Սրանք տեղական եւ կենտրոնական իշխանությունների միջեւ գործառույթների բաշխման հարցեր են»,-պարզաբանել է փորձագետը` հավելելով, որ այս խնդիրը հիշեցնում է Խորհրդային Միությունում տեղ գտած իրավիճակին: Այսպես, քաղաքագետը նշում է, որ կենտրոնը միշտ էլ ինքն է որոշում, թե որքան ֆինանսական միջոցներ ինչ ծավալներով եւ որտեղ պետք է բաշխվեն, ինչը միշտ չէ, որ գոհացնում է մարզային իշխանություններին: Կատալոնիայի դեպքում կենտրոնը շատ ավելի քիչ միջոցներ էր հատկացրել, քան վերցրել է։
Այսպես, ըստ Վիկտոր Նադեին Ռաեւսկիի՝ այս հարցում տնտեսական բաղադրիչը ակնհայտ էր: Սակայն դա կատալանցիների դժգոհության միակ պատճառը չէր: Նույնքան կարեւոր էր իսպանացիների վերաբերմունքը նրանց նկատմամբ: Այսպես, ըստ քաղաքագետի, Իսպանիայում ազգայնական տրամադրությունների կտրուկ աճ էր նկատվում՝ Կատալոնիայի նկատմամբ հստակ արտահայտված թշնամանքով:
Փորձագետը ընդգծել է, որ Իսպանիայի իշխանությունները չկարողացան հաղթահարել Կատալոնիայի նկատմամբ ինքնահավանությունը եւ այդ խնդիրը դեռեւս լուծված չէ: « Ես սպասում եմ Կատալոնիայում նոր «պայթյունի», բայց այն այս անգամ լրիվ այլ, ծայրաստիճան տհաճ ձեւեր կունենա, որը բնութագրական չէ Իսպանիայի պես բարեկեցիկ երկրին»,-եզրափակել է Վիկտոր Նադեին Ռաեւսկին:
Հիշեցնենք, որ Մադրիդի կողմից պարտադրված Կատալոնիայի շրջանային խորհրդարանական արտահերթ ընտրություններում անկախության աջակիցները մանդատների բացարձակ մեծամասնություն էին ստացել։




























