Մենք առաջարկել էինք 2014-ին վստահության հանրաքվե անել, բայւց պարտադրել չէինք կարող: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է իշխող կոալիցիայի կողմից ԲԴԽ-ի առաջին կազմի առաջին պաշտոնի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ՍԴ որոշմանը:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «2003 թվականին ՍԴ-ն նախագահական ընտրություններից հետո որոշում կայացրեց, որ մեկ տարի անց պետք է անցկացվի վստահության հանրաքվե, որը մինչեւ օրս տեղի չի ունեցել, ե՞րբ պետք է դա տեղի ունենա»:
Ի պատասխան Գագիկ Հարությունյանն ասաց. «Երբ քննարկում էինք 2003 թվականի ընտրությունների արդյունքները, երկրում ստեղծված էր բավական ծանր իրավիճակ եւ նույնիսկ ՀՀ նախագահի մակարդակով հայտարարվում էր, որ քաղաքական հակամարտությունն արդեն հանրային հակամարտության է վերածվում: Այդ իրավիճակին հաջորդելու էր սահմանադրական հանրաքվեն՝ նման սրված հարաբերությունների պայմաններում: Մենք ունեինք փաստեր, որ եղել են խախտումներ, բայց հիմնականում անճշտությունների մասին էր խոսքը: Նման պայթյունավտանգ վիճակում պետք է հարցը տեղափոխել իշխանության կրողի վրա, իսկ իշխանության կրողը ժողովուրդն է»:
Նա նկատեց, որ վստահության հանրաքվե անցկացնելու ՍԴ-ի որոշման համար իրենց քննադատեցին եւ աջից, եւ ձախից. «Մենք դա առաջարկել էինք երկրի նախագահին որպես ելք, որպես լուծում: Ինչպիսի քայլ կարվեր, մենք պարտադրել չէինք կարող: Անմիջապես եղավ ռեակցիա, որ նման խորհուրդները չենք ընդունում: Դրա համար այդ հարցը անգամ մասնագետների շրջանում մնաց չընկալված»:
Հիշեցնենք, որ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ընդդիմությունը դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն ավավեր ճանաչելու պահանջով: ՍԴ-ն իր որոշման մեջ նշեց, որ մեկ տարի անց առաջարկում է երկրում անցկացնել վստահության հանրաքվե, որն այդպես էլ իրականություն չդարձավ:




























