Ազգային ժողովի հերթական նիստում նախօրեին քննարկվեցին Բարձրագույն դատական խորհրդում առաջադրված անդամների թեկնածությունները։ Խորհուրդը գործելու է նոր կառավարության ձեւավորումից հետո, այն ղեկավարելու է Սահմանադրական դատարանի գործող նախագահ Գագիկ Հարությունյանը։ Այն կազմված է լինելու տասը անդամից, հինգ թեկնածուին առաջադրել է ՀՀԿ–ն։ Մյուս հինգը լինելու են դատական համակարգից։
Հատկանշական է, որ ՀՀԿ–ի առաջադրած թեկնածուներից է Լիպարիտ Մելիքջանյանը, որը ուղիղ մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր «Ելք» դաշինքից եւ անխնա քննադատում էր «ապազգային քաղաքականություն» վարող իշխանությանը։ Նա դաշինքի ընտրական ցուցակի պատվավոր 12–րդ հորիզոնականում էր եւ Տավուշի մարզի տարածքային թեկնածուն։
Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը նախընտրական քարոզարշավի շրջանում ընտրողին վստահեցնում էր՝ անհնար է համարում, որ ինքը իշխանության առաջարկած որեւէ պաշտոնով գայթակղվի, իր պայքարը իշխանության հակաօրինական գործունեությանն է ուղղված. «Չընդունելով իշխանության հակազգային քաղաքականությունը, միշտ էլ իմ համար անհնարին եմ համարել օգտվել գործող իշխանությունների առաջարկած կամ ընդհանրապես իմ ունակություններին համապատասխան որեւէ պաշտոն «ստանձնելու գայթակղությունից», գտնելով, որ ինչքան էլ մեծ լինի համապատասխան ոլորտում անաչառ աշխատելու եւ բարեփոխումներ կատարելու ձգտումը, դա հնարավոր է իշխանությունների բացառապես ազատ քաղաքական կամքի առկայության պայմաններում...»,–նախընտրական ելույթում վստահեցնում էր Լիպարիտ Մելիքջանյանը։
Այս խոսքերին վստահության քվե հայտնել էր 800 քաղաքացի։ Թե ինչու մեկ տարի անց ի հեճուկս իր պնդումներին՝ գայթակղվեց իշխանության առաջարկով, փորձեցինք պարզել անձամբ Մելիքջանյանից։ NEWS.am–ի հետ զրույցում նա հայտարարեց, որ իր խոսքերը հնչել են մեկ տարի առաջ, նախընտրական շրջանում եւ այդքանով ավարտվել է իր քաղաքական գործունեությունը։ «Պատկերացրեք, որ ընտրությունների ավարտից հետո ես «Ելք» դաշինքի հետ որեւէ առնչություն չեմ ունեցել։ Իմ քաղաքական կենսագրությունը տեւել է ընդամենը 40 օր, ես կաշկանդված չեմ որեւէ ուժից։ Իմ խոսքերը հնչել են նախընտրական շրջանում, հլը տեսեք՝ ովքեր ինչ են ասել»,–մանրամասնեց Լիպարիտ Մելիքջանյանը։ Մեր հարցին, թե ուզում է ասել՝ իր խոսքերի վաղեմության ժամկետն անցե՞լ է, պատասխանեց. «Ոչ, ես պարզապես ներգրավվել եմ ընտրական պրոցեսին, նախընտրական պրոցեսում թույլ տված կամ կատարած եզրույթները, որ օգտագործել եմ... կամ նման ձեւով ասել, որ դու մասնակցում ես ընտրապայքարին եւ վերցնես ու ամբողջ կյանքի ընթացքում 5–10 տարի հետո մարդուն ասես՝ այսպես ես մտածում, ճիշտ չէ։ Ես ասեցի՝ քաղաքականությամբ իմ կյանքում չեմ զբաղվել, պարզապես «Ելք»–ի նկատմամբ համակրանք զգալով՝ փորձել եմ ընտրություններին աջակցել նրանց»։
Պնդմանը՝ շարունակո՞ւմ է մնալ այն համոզմանը, որ իշխանությունները ապազգային քաղաքականություն են վարում, դարձյալ հիշեցրեց հայտարարությունների դրդապատճառն ու ժամկետները։ Լիպարիտ Մելիքջանյանը նախընտրական քարոզարշավի քննադատական եռանդով պնդեց, թե ինքը Բարձրագույն դատական խորհրդում իշխանության մաս չի դառնալու, գործելու է անկախ. «Ինձ առաջարկ եղավ իշխող կոալիցիայից ներգրավվել Բարձրագույն դատական խորհրդի մեջ, ես, բնականաբար, այդ առաջարկը ընդունեցի, իրենք նույնպես տեղյակ են իմ ելույթի տեքստերից, մոտեցումներից, կոռուպցիայի անարդարության դեմ իմ պայքարից։ Այսինքն՝ այն նպատակները, որ դրել էի ընտրական շրջանում, բնականաբար, այդ նպատակները դնում եմ նաեւ հիմա»։
Նա շարունակեց հավատացնել՝ իր համար առաջնային նպատակը իշխանությունից պաշտոն ստանալը չէ, այլ կոռուպցիայի եւ արատավոր երեւույթների դեմ պայքարելու ազնիվ մղումները։ Ընդգծենք, որ մեր զրուցակիցը նախընտրական շրջանում կարեւոր էր համարել իր առաջադրվելը հատկապես այն ուժից, որը «իր վարած քաղաքականությամբ երբեք ջուր չի լցրել գործող իշխանության տխուր ու անփառունակ ջրաղացին»։




























