Ֆրանսիայի մայրաքաղաքի Իլ դե Ֆրանս շրջանի քաղաքային խորհուրդների 3 տասնյակ պատգամավորներ հինգշաբթի գիշերը ակցիա են կազմակերպել անօթեւաններին տրամադրվող օգնության չափերը մեծացնելու պահանջով, հայտնում է Agence France Presse-ը: Գոծակալության տեղեկություններով՝ ցույցի մասնակիցները գշերը քնապարկերում անցկացրել են Փարիզի փողոցներում, մասնավորապես՝ քաղաքի արեւելքում գտնվող Աուստերլիցի կայարանի մերձակայքում:
Ժողովրդի ընտրյալները շեշտել են, որ անբավարար են համարում օգնության այն մակարդակը, որը ձմեռային ժամանակաշրջանում պետությունը հատկացնում է շրջանի անօթեւաններին: Նրանք հիշեցրել են, որ հունվարի սկզբից Իլ դե Ֆրանս շրջանում անօթեւան 20 մարդ է մահացել: Ինչպես պարզվել է վերջին հաշվարկով, Փարիզում ընդհանուր փողոցներում է գտնվում առնվազն 3 հազար անօթեւան:
Փարիզում եղանակի վատթարացման հետ կապված քաղաքի իշխանությունները գործարկել են «Մեծ ցուրտ» ծրագիրը, որի շրջանակում անօթեւանների օթեւանատներում լրացուցիչ 1900 տեղ է ստեղծվել: Պատգամավորմները, սակայն, կարծում են, որ ձմռանը Փարիզում եւ Փարիզի շրջանում պետք է գործեն ավելի խոշոր մշտական օթեւանատներ, որոնք կարելի է ստեղծել դատարկ շենքերում:




























