Չինացի օրենսդիրներն այս ամսին կայանալիք ամենամյա Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստին կարող են քննարկել հետագա սոցիալական բարեփոխումները, մասնավորապես՝ ամուսիններին երրորդ երեխան ունենալ թույլ տալու հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Չինաստանի պետական Global Times պարբերականը։
2015 թվականի աշնանը Չինաստանի իշխանություններն ընդունել էին «մեկ երեխայի» քաղաքականությունը չեղարկելու մասին որոշում, որը գործում էր 1970-ականների վերջից։ Չինաստանի ղեկավար Սի Ցզիփինը այդ ժամանակ ընդգծել էր, որ այս որոշումը կօգնի ապահովել երկրի զարգացումը։
Պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն՝ 2017 թվականին Չինաստանում ծնվել է 17,23 մլն երեխա, ինչը 630.000-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։
Ժողովրդագրական հարցերով փորձագետ Հուան Վենչժենը հայտարարել է պարբերականին, որ միայն երրորդ երեխա ունենալ թույլ տալը չի լուծի երկրում ծնելիության կրճատման հարցը, ըստ նրա՝ Չինաստանը պետք է ամբողջությամբ հրաժարվի երեխա ունենալու պլանավորման քաղաքականությունից, որպեսզի նպաստի ծնելիության ավելացմանը։
1970-ականների վերջին Չինաստանը սահմանել է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որպեսզի վերահսկի բնակչության թվաքանակի աճը։ Քաղաքականությունը թույլ էր տալիս քաղաքում բնակվող ամուսիններին ունենալ 1 երեխա, իսկ գյուղերում բնակվողներին՝ 2, եթե առաջին երեխան աղջիկ էր ծնվում։ Սակայն այս քաղաքականությունը հանգեցրել է ժողովրդագրական խնդիրների եւ բնակչության ծերացմանը։
2013 թվականին Չինաստանում այս քաղաքականության թուլացում նկատվեց՝ երկրորդ երեխան թույլատրվեց ունենալ այն ընտանիքներին, որոնցում ամուսիններից գոնե մեկը ընտանիքի միակ երեխան է եղել։ Այժմ բոլորը կարող են երկու երեխա ունենալ։




























