Սաուդյան Արաբիայի Էլ Խուբար քաղաքում 6 շենքեր նկարազարդվել են գրաֆիտիներով։ Հաղորդում է Arab News–ը։
Ավելի քան 20 վարպետներ 10 օրվա ընթացքում նկարազարդել են տների ճակատային հատվածները։ Մի քանի նկարներում պատկերված են մարդիկ, որն արգելված է իսլամի նորմերով։ Փողոցային արվեստի ցուցահանդեսի կազմակերպիչը տեղական պատկերասրահի սեփականատեր Մադավի ալ Բազն է։ Նախագծին ֆինանսական օգնություն է ցուցաբերել Սաուդյան արքայադուստր Աբիր Բինթ Ֆեյսալ Ալ Սաուդը։
«Ես ցանկացել եմ Սաուդյան արվեստագետներին իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն տալ»,–ասել է Ալ Բազը։ Նրա խոսքով, բազմաթիվ մարդիկ են գալիս նկարիչների աշխատանքներով հիանալու եւ լուսանկարներ անելու համար։ Նախատեսվում է երկրի այլ շրջաններում եւս իրականացնել նախագիծը։
Սաուդյան Արաբիան երկար ժամանակ համարվում էր ամենապահպանողական երկիրը, սակայն վերջերս որոշակի փոփոփխություններ են իրականացվում երկրում, սահմանափակումները մնում են անցյալում։






























