Հրազդանի Վահագնի թաղամասում գտնվող եւ շուրջ 30 տարվա վաղեմություն ունեցող վերամբարձ կռունկին եւ նրա առաջացրած խնդիրներին NEWS.am-ը մի քանի ամիս առաջ անդրադարձել էր՝ «Էրեխեքը բարձրանում սելֆի են անում. Շուրջ 30 տարվա վերամբարձ կռունկը վտանգ է ներկայացնում Հրազդանի բնակիչների համար» վերնագրով հոդվածում: Բնակիչները բողոքում էին, որ կռունկն իսկական պատուհաս է դարձել թաղամասի բնակիչների համար: Իր մաշվածության եւ կոռոզիայի արդյունքում այն կարող է ուղղակի մի օր շրջվել շենքի կամ բակում խաղացող երեխաների վրա: Բազմաթիվ տեղեր դիմելուց եւ խնդիրը չլուծվելուց հետո բնակիչները կրկին ահազանգել են NEWS.am-ին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում թաղամասի բնակիչները դարձյալ իրենց մտահոգությունը հայտնեցին՝ նշելով, որ շուրջ 40 մետր բարձրություն ունեցող կռունկը վտանգավոր է հատկապես երեխաների համար. «Հլը մոտեցեք ու կտեսնեք, թե ինչքան մաշված է, մի փոքր քամի է լինում, սկսում է տատանվել, ճոճվել, մի օր մի բան լինելու է, չգիտենք երբ, բայց լինելու է: Էրեխեքի համար շատ վտանգավոր է, քանի որ նրանք էդ տարածքում են խաղում, լրիվ քայքայված է: Մի քանի անգամ դիմել ենք համատիրություն, ղեկավարն ասել է, որ դիմել է եւ քաղաքապետարան, եւ ԱԻՆ, պարզվել է, որ կռունկն ունի սեփականատեր: Հիմա ասուն են, նա հրաժարվում է ապամոնտաժել, քանի որ ծախսերի հետ է կապված: Հիմա ինչի՞ են սպասում, որ մի վատ բան լինի, հետո գան տանե՞ն: Էս հարցին պետք է լուծում տրվի՞, թե ոչ: Չէ որ սա մեր քաղաքն է, մենք էլ՝ քաղաքի բնակիչները, սա էլ մեր քաղաքի խնդիրն է, որը բացի խնդիր լինելուց, վտանգ է մեր՝ բնակիչներիս գլխին: Պահանջում ենք, որ այն վերջապես հեռացվի»,-նշեցին բնակիչները:
Մեր առաջին հրապարակումից հետո ԱԻՆ-ն արձագանքել էր՝ հայտնելով, իրենք վերամբարձ կռունկն ապամոնտաժելու խնդրով դիմել են սեփականատիրոջն ու Հրազդանի քաղաքապետարանին, սակայն խնդիրը լուծում չի ստացել:
ԱԻՆ-ի պարզաբանման մեջ նշված էր, որ իրենք պարզել են, որ կռունկը պատկանում է «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ-ին, որի տնօրենը Ալբերտ Հովհաննիսյանն է:
2016 թ. հուլիսին հանդիպել են Ալբերտ Հովհաննիսյանի հետ, ով նշել է, որ վերամբարձ կռունկը չի կարող շրջվել եւ հրաժարվել է ապամոնտաժելուց՝ պատճառաբանելով, որ դրա համար անհրաժեշտ գումարներ եւ ծանր տեխնիկա չունի:
2017 թվականի մայիսի 29-ին Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Ս. Դավթյանը հանդիպել է «Միլենա» համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանի հետ, սակայն «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Հովհաննիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի ստացվել:
Նւոյն թվականի մայիսի 31-ին Կոտայքի ՄՓՎ պետի կողմից կրկին գրություն է ուղարկվել Հրազդանի քաղաքապետին՝ արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման միջոցառումներ իրականացնելու առաջարկությամբ:
NEWS.am-ը բնակիչների երկրորդ ահազանգից հետո կապ հաստատեց ԱԻՆ Կոտայքի մարզային վարչության պետ Գալստյանի հետ, ով պատասխանեց հետեւյալը.
«Ես երեք ամիս է, ինչ պաշտոնավարում եմ Կոտայքի մարզի ԱԻՆ վարչությունոմ ՝որպես պետ: Խնդրին տեղյակ չէի, քանի որ իմ պաշտոնավարումից հետո որեւէ բողոք չի եղել: Ձեր ահազանգով փաստաթղթերը հանեցինք արխիվից, ուսումնասիրեցի, առավոտյան նորից կգնանք ուսումնասիրություններ կանենք, իրավիճակի վերաբերյալ տեղյակ է նաեւ քաղաքապետը: Սակայն եթե կռունկն ունի սեփականատեր, օրենքով միմիայն նա է պարտավոր իր սեփականությունը տնօրինելու, հանելու, ապամոնտաժելու: Ապամոնտաժելու դեպքում մենք միայն պատրաստակամ ենք օգնելու, աջակցելու ինչով, որ հնարավոր է»,- նշեց Գալստյանը:
Խնդրի կարեւորության մասին խոսեցինք նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ: Վերջինս էլ հայտնեց, որ շատ լավ տեղյակ է խնդրին. «Բանն այն է, որ դեռ 90-ականներին կռունկն ուներ սեփականատեր, հետո ծախեցին ուրիշի ու էդպես շարունակ: Մենք գտել ենք սեփականատիրոջը, ով ՌԴ ում է գտնվում: Իրենք հրաժարվում են հանել, քանի որ ծախսերի հետ են կապում: Մենք էլ օրենքի տեսանկյունից, ոչ մի պարտավորություն չունենք սեփականության հանդեպ: Վաղը, մյուս օր իրենք կարող է գան ու մեզ դատի տան, թե ինչու եք մեր սեփականությանը կպել: Բայց մենք հասկանալով եւ գիտակցելով խնդրի լրջությունը՝ փորձում ենք ամեն ինչ անել, որ կռունկը հանվի տարածքից: Այլեւս սեփականատիրոջ քմահաճույքներին չպետք է նայենք: Պիտի հանվի կռունկը, այլ տարբերակ չկա: Վաղը առավոտյան նորից կգնանք տարածք, տեսնենք՝ ինչպես ենք իրականացնելու աշխատանքները ապամոնտաժելու»,-պատասխանեց Արամ Դանիելյանը:
- Էրեխեքը բարձրանում սելֆի են անում. Շուրջ 30 տարվա վերամբարձ կռունկը վտանգ է ներկայացնում Հրազդանի բնակիչների համար
- Հրազդանում վերամբարձ կռունկի սեփականատերը հրաժարվում է այն ապամոնտաժել. ԱԻՆ-ը քայլեր է ձեռնարկում (Ֆոտո)






























