Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում 2017 թվականին դրական լուծում ստացած գործերի թիվն աճել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը։

«2013 թվականին թվականին դրական լուծում ստացած գործերի ընդհանուր թիվը եղել է 347, 2014թ․-ին՝ 385, 2015թ․-ին՝ 498, 2016թ․-ին՝ 444, իսկ անցյալ տարի՝ 845։ Սա հիմնականում պայմանավորված է պետական մարմինների եւ կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությամբ: Դրական լուծում ստացած գործերի թիվը հաշվարկվել է ելնելով Պաշտպանի իրավասության շրջանակում գտնվող գործերի քանակից»,- նշեց նա։

Նշենք, որ անցյալ տարի հրապարակվել էր զեկույց «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները եւ ակնկալիքները Հայաստանում» թեմայով եւ, հարցումների համաձայն, մարդիկ իրավական վեճեր առաջանալու պարագայում առաջինը նախընտրում են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին։