Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ոգեւորված չէ ֆեյսբուքյան որոշ օգտատերերի բանակին նվիրված «բարեգործական» նախաձեռնություններով։ NEWS.am–ի հետ զրույցում Արտակ Զաքարյանն ասաց, որ նման նախաձեռնություններին դեմ չէ, եթե դրանք չեն թմբկահարվում։ Հիշեցնենք, որ վերջերս մի քանի օգտատերեր հանգանակություն էին սկսել բանակին լվացքի մեքենայով աջակցելու համար, ինչի պատճառով բանակում տիրող վիճակը հերթական անգամ դարձավ ծաղրուծանակի առարկա։ Այս շարքի կուլմինացիան եղավ բանակի համար «տուֆ» հավաքելու նախաձեռնությունը։

Մեր հարցին՝ արդյոք սա չի վտանգում պետության եւ բանակի հեղինակությանը, ի վերջո այդ հանգանակություններից ստացվում է, որ պատերազմական վիճակում գտնվող պետության բանակն այնքան սոսկալի վիճակում է, որ մի լվացքի մեքենայի կարողություն չունի, Արտակ Զաքարյանը համաձայնեց, որ բացասաբար են ազդում բանակի հեղինակության վրա այդ նախաձեռնությունները, քանի որ դրանք ֆետիշացվում են։ «Պետք չէ ֆետիշացնել բանակին աջակցությունը, էն ինչ–որ անհրաժեշտ է զինված ուժերին, պլանավորվում եւ իրականացվում են, մնացած հարակից աջակցությունները՝ անձնական, հասարակական, ողջունելի են, բայց ֆետիշացնելու անհրաժեշտություն չկա»

Հարցին՝ ինչո՞ւ կոչ չեն անում «ֆեյսբուքյան բարեգործներին» դադարեցնել այդ նախաձեռնությունները, որոնք վարկաբեկում են նաեւ ազգ–բանակ գաղափարախոսությունը, փոխնախարարն ասաց. «Դա վտանգավոր չէ, ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք կարող են տալ դրանք, ուղղակի պետք չի ֆետիշացնել, սա է անցանկալին, պետք չէ, որ այդ մարդիկ, կազմակերպությունները ասեն՝ դա արեցինք, պիտի ասեն՝ կեցցե մենք։ Լվացքի մեքենան զինված ուժերի համար խնդիր չի լուծում, ոչ էլ խանգարում է, բայց այդ տասը լվացքի մեքենան հասցնել այն աստիճանի, որ այս բանակի համար եսիմ ինչ արեցինք, սա է, որ չի կարելի»։