«Միջհամայնքային միավորումների մասին» օրենքում նշվում է, որ այդ միջհամայնքային միավորմանը փոխանցվում են համայնքի ղեկավարի եւ ավագանու լիազորությունները, ինչը անընդունելի է: Այս մասին, այսօր՝ ԱԺ արտահերթ նիստում, հիշյալ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով հարությունյանը:
«Որքան ես եմ հասկանում, իսկ ես քիչ չեմ հասկանում, ավագանին իշխանության մարմին է եւ չի կարող իր լիազորությունները փոխանցել մեկ այլ մարմնի առանց նրան իշխանություն վերապահելու: Այսինքն դուրս է գալիս, որ Միջհամայնքային միավորումը ՏԻՄ-ի մեկ այլ մակարդակ է, սա անընդունելի է եւ հակասում է Սահմանադրությանը: Ես համոզված եմ, որ վաղը կարող են լինել կոնֆլիկտներ՝ միջհամայնքային միավորման ղեկավարի եւ ավագանու միջեւ: Սա է ամենախոցելի կետը»,-հայտարարեց նա:
Ի պատասխան Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց. «Միջհամայնքային միավորումը հանրային իրավունքի սուբյեկտ է եւ մենք չենք կարծում, որ դա հակասահմանադրական է»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ օրինագծի միջհամայնքային միավորումները կարող են ձեւավորվել երկու եղանակով՝ կամավոր եւ կառավարության կողմից՝ հանրային շահերից ելնելով: Այս նախագծով սահմանվում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, գործունեության կարգը, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները:
Ըստ այդմ, միջհամայնքային միավորումը տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կամ հանրային շահերից ելնելով ստեղծված համայնքների միավորում է, որն իրականացնում է օրենքով կամ համայնքների ավագանիների որոշումներով իրեն վերապահված լիազորությունները:
Միջհամայնքային միավորումը կարող է ունենալ գույք, ունենալ եկամուտներ, ծախսեր, կնիք: Միջհամայնքային միավորման խորհուրդն իրավունք ունի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ անհատական իրավական ակտեր: Միջհամայնքային միավորումը կստեղծվի ավագանիների կողմից կամ օրենքով:
«Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցության պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ մտահոգություն էին հայտնել, որ այս օրինագծով համայնքների էլ ավելի հանրապետականացման եւ համայնքներում եւս ՀՀԿ-ի մենաշնորհ հաստատելու փորձ է արվում:




























