2017 թվականի մարտի 18-ին «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ուսը կոտրած Լաուրա Զաքարյանի գործով պաշտպանը դիմել է Վճռաբեկ դատարան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լաուրա Զաքարյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը:
«Մենք ներպետական ատյաններից հույսներս կտրել ենք, եւ հիմա Վճռաբեկ ենք դիմել, որպեսզի կարողանանք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ արդար դատաքննության հույս ունենք»,-ասաց պաշտպանը:
Նշենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Լաուրա Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության վնաս:
21.03.2017 թ. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ է դիմել քաղաքացի Լաուրա Զաքարյանը և ներկայացրել հանցագործության մասին հաղորդում: Ըստ քաղաքացու, 18.03.2017 թ. Երևանի Ազատության հրապարակում ներկա է գտնվել «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորելու նպատակով անցկացվող հավաքին: Որոշ ժամանակ անց հավաքված անձանց կողմից կազմակերպվել է երթ դեպի ՀՀ կառավարության շենք, որի ընթացքում ոստիկանության ծառայողները, պահանջելով խտանալ դեպի ճանապարհի հոծ գիծը, սկսել են սեղմել հավաքի մասնակիցներին, առաջացած հրմշտոցի ժամանակ կինը վայր է ընկել, ոստիկաններն էլ նրան բարձրացնելու փոխարեն անցել են ընկած վիճակում գտնվող քաղաքացու վրայով, շարունակելով իրենց բռնի գործողությունները, ինչի հետևանքով էլ կինը ստացել է վերոհիշյալ վնասվածքները:
Հիշյալ հաղորդումը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետագա ընթացքը լուծելու նպատակով: 14.04.2017թ. ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ` Ա.Ժ.Այվազյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազին, 03.05.2017թ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին:
25.10.2018թ. առաջին ատյանի դատարանը քաղաքացու բողոքը բավարարել է և քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի 2017թ. ապրիլի 14-ի որոշումը վերացրել, սակայն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի կողմից ներկայացված բողոքը 29.01.2018թ. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բավարարվել է։




























