«Իմ քայլը» նախաձեռնության անդամները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քայլերթով հասել են Երեւանի պետական համալսարան:

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դռները փակ էին: Ցուցարարները վանկարկքւմ էին  «Քայլ արա մերժիր Սերժին», «միացեք դասադուլին» կոչերով։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ռեկտորին ասեք, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է եկել ձեզ մոտ»: Ցուցարարների մոտ իջավ ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը՝ նշելով, որ Փաշինյանի ցանկությունը կփոխանցի ռեկտորին:

Նրա խոսքով, բարձրախոսը խանգարում է դասապրոցեսին. «Թմբուկը, բարձրախոսով խոսելը խանգարում են դասապրոցեսին: Ըստ երեւույթին մեկի նյարդերը տեղի են տվել, դրա համար են փակվել դռները», - ասաց Էմին-Տերյանը: Նա նշեց, որ եթե պարզվի, որ անվտանգության աշխատակիցներն ինքնագործունեությամբ են զբաղվել՝ փակելով դռները, նկատողություն կստանան:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները մտան Աշխարհագրության, երկրաբանության, քիմիայի ֆակուլտետ:

Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք այս խորհրդանշական ակցիան իրականացրինք ի պատասխան ԵՊՀ-ի եւ մնացած բուհերի ռեկտորատի կողմից ուսանողների նկատմամբ կիրառվող ճնշումների: Ես ամենայն լրջությամբ ասում եմ՝ այնպես չանեք, որ մենք այստեղ վերադառնանք եռակի, քառակի, 10 անգամ ավելի շատ»:

Ի վերջո, «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին հաջողվեց մտնել ԵՊՀ շենք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան մի խումբ ուսանողներ դասադուլ են հայտարարել, ապա գնացել դիմավորելու քայլերթով Երեւան մտնող Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մարտի 31-ից քայլարշավ է սկսել Հայաստանի քաղաքներով, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը, նաեւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցել ԱԺ-ում վարչապետի ընտրությանը: «Ելք» դաշինքի մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր հայաստանը» եւ «Հանրապետությունը» չեն միացել այս պայքարին: