Թուրքիան ողջունում է ներքին անձնագրերով Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր թույլատրելու նախաձեռնությունը: Մոսկվայում կայացած ասուլիսում այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մուտքի բոլոր սահմանափակումները չեղարկվեն: Մենք շատ առաջ ենք գնացել նախաձեռնության իրակացման հարցում, որի համաձայն՝ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Թուրքիա ուղեւորվել ներքին անձնագրերով: Այդ հարցը կլուծվի փուլ առ փուլ, քանի որ դեռ պետք է համաձայնեցվի հատուկ ծառայությունների եւ անվտանգության ծառայությունների հետ»,- հավելել է նա:

Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան շահագրգռված է երկու երկրների միջեւ վիզային ռեժիմի դյուրացման հարցում՝ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Մենք կցանկանայինք, որպեսզի մեր առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացման ճանապարհին բոլոր խոչընդոտները չեղարկվեին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: