Գրքի եզակի հրատարակությունը, որում առաջին անգամ շարադրվել են կախվածության դեմ պայքարի առանցքային մեթոդները, որոնք կիրառվում են «Անանուն ալկոհոլամոլներ» շարժման անդամների կողմից, մայիսի 5-ին աճուրդում վաճառվել է 2,4 մլն դոլարով, որը Profiles in History աճուրդի տունը կազմակերպել էր Լոս Անջելեսում (Քալիֆորնիա նահանգ): Այս մասին հայտնում է The Associated Press-ը:
Ինչպես հաղորդվում է Profiles in History կայքում, խոսքը 1939 թվականով թվագրվող «Անանուն ալկոհոլամոլներ, պատմություն այն մասին, թե ինչպես են հազարավոր տղամարդիկ եւ կանայք բուժվել ակլոհոլամոլությունից» կոչվող գրքի սեւագիր տարբերակի մասին է, որն ԱՄՆ-ում նաեւ «Մեծ գիք» են անվանում: Դրա մեջ առաջին անգամ ներկայացվել են ալկոհոլային կախվածությունից բուժման, այսպես կոչված, 12 քայլի հիմնական դրույթները:
Մեքենագրված 161 էջերին բազմաթիվ նշումներ կան, որ կատարել են շարժման հիմնադիրները: Աճուրդի տան փորձագետների գնահատմամբ՝ 1939 թվականից սկսած աշխարհում վաճառվել է գրքի ավելի քան 30 մլն օրինակ: Այն թարգմանվել է 43 լեզվով: Լոտի մեկնարկային արժեքը կազմում էր 2-3 մլն դոլար:
Հրատարակությունը ձեռք է բերել ամերիկացի միլիարդատեր Ջիմ Իրսեյը: Նա AP-ին հայտնել է, որ ծրագրում է տարեկան մի քանի ամիս գիրքը ցուցադրել «Անանուն ալկոհոլամոլների» Նյու Յորքի կենտրոնակայանում համընդհանուր դիտման համար: Նա նշել է, որ առաջին տարին չէ, որ փորձել է այս սեւագիրը ձեռք բերել:
Իրսեյը խոստովանել է, որ անձամբ ինքն էլ 25 տարի առաջ սկսել է հաճախել «Անանուն ալկոհոլամոլների» ժողովներին: Միլիարդատերը համոզված է, որ այս գիրքն ու շարժումը շատ մարդկանց են օգնել հաղթահարել ալկոհոլային կախվածությունը:




























