PayPal, SpaceX եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է հրուշակագործական բիզնես սկսելու մտադրության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես քաղցրեղենի արտադրության ընկերություն եմ ստեղծում: Զարմանահրաշ կլինի»,- Twitter-ում նշել է ձեռնարկատերը:

Ավելի ուշ բիզնեսմենը հավելել է, որ ինքը «սուպերլուրջ» մտադրություններ ունի եւ առաջարկել է «կրիպտոկոնֆետ» ստեղծել:

Մասկն այս թվիթով, հավանաբար, շարունակել է Berkshire Hathaway հոլդինգի եւ դրա ղեկավարներ Ուորեն Բաֆեթի ու Չարլզ Մանգերի հետ հեռակա վեճը: Վեճը ծագել է այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետերերի ժողովի ժամանակ ընկերության ղեկավարը քննադատել է  Բաֆետի ներդրած «տնտեսական խրամատի» հայեցակարգը՝ երկարաժամկետ առավելության, որն ընկերությանը թույլ է տալիս վաստակել միջինից շատ եւ պաշտպանել շուկայում առաջատարի դիրքերը:

Բաֆեթն ընդդիմախոսին մարտահրավեր է նետել՝ նրան առաջարկելով մրցակցել կոնֆետի արտադրության ոլորտում: Ավելի ուշ Մասկը խոստացել է խրամատ «կառուցել եւ այն կոնֆետով լցնել» եւ հավելել է, որ Բաֆեթը «չի կարողանա ներդրումներ չանել» իր հրուշակագործական նախագծում:

Մասկը այն ժամանակ է հայտարարել նոր բիզնեսը թողարկելու մտադրության մասին, երբ նրա մյուս նախաձեռնությունները ռեկորդային վնասներ են կրում: Ապրիլի վերջին վարկանիշային 2 խոշորագույն գործակալություններ՝ Moody's-ը եւ S&P-ը Tesla-ի պարտքային պարտավորություններին «աղբի» վարկանիշ են շնորհել՝ արժեթղթերը որպես սպեկուլատիվ բնութագրելով:

Մասկը հերքել է ավելի վաղ հրապարակված տեղեկությունը, որ հանդիպում է 29-ամյա բիզնես լեդի Թայլեր Հեյնիի հետ: Պատասխանելով Twitter-ի օգտատերերից մեկի մեկնաբանությանը, որը խնդրել էր իրավիճակը պարզաբանել, որովհետեւ «մարդիկ արդեն 5 ժամ ուշքի չեն գալիս», ձեռնարկատերը հայտնել է, որ Հեյնիի հետ ուղղակի ընկերներ են:

«(Հոգոց հանելով), Թայն ինձ դուր է գալիս, սակայն նա [միայն] ընկեր է: Մենք չենք հանդիպում»,- նշել է Մասկը Twitter-ում: