Հայաստանի կալանավայրերում պահվում են մարդիկ, ում իրական տեղը կալանավայրը չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց կողմից կիրառված բռնության դեպքերին, պատգամավորն ասաց. «Խնդրում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ հետեւողական լինեք խուլիգանության դեպքերը բացահայտելու, մեղավորներին պատժելու ուղղությամբ, քանի որ իր իրավունքները պաշտպանելու համար պայքարի դուրս եկած քաղաքացուն ծեծել չի կարելի:
Գուցե տպավորություն ստեղծվի, որ շատ ենք թմբկահարում թեման, բայց իմ համոզմամբ՝ խնդիրն առավել քան կարեւոր է: Ամեն մի անպատժելիություն ծնում է նոր հանցագործություն: Բոլորս ենք գիտակցում, որ անպատժելիությունը սասանում է իրավակարգի հիմքերը, ժողովրդի հավատը իշխանության նկատմամբ:
Այն դեպքերը, որոնք զայրույթ հարուցեցին հանրության շրջանում, հարեւանների միջեւ կենցաղային վեճեր չեն»,-հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:
«Դուք լավ գիտեք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն ՀՀ բնակչության 1/3-րդը աղքատության մեջ է, ու այդ մարդկանց, որոնք դուրս են եկել իրենց քաղաքացիական իրավունքները պաշտպանելու, մի հատ էլ բռնեն իրենց ընտանիքի անդամների առջեւ փողոցում ծեծեն ու առավել եւս՝ անպատիժ մնան, անթույլատրելի է»,- ասաց Պետրոսյանը:
Նա կոչ արեց գլխավոր դատախազին հետեւողական լինել այդ խուլիգանական դեպքերը բացահայտելու եւ արդարացի պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. «Ես լիահույս եմ, որ հետամուտ կլինեք, որ դատարանները նման մարդկանց նկատմամբ հանկարծ չորոշեն կիրառել քրեական օրենսգրքի մարդասիրական դրույթները, մասնավորապես, 64 հոդվածը, 70 հոդվածը, որոնք թույլ են տալիս անձի նկատմամբ կիրառել պատիժը պայմանական չկիրառելը կամ ավելի մեղմ պատիժ կիրառելը:
Այդ բռնարարքների իրական մեղավորները պետք է կրեն ամենախիստ պատասխանատվությունը: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանի կալանավայրերում դեռ պահվում են մարդիկ, ում իրական տեղը կալանավայրը չէ: Կալանավայրը նրանց տեղն է, որոնք կարող են փողոցում բացահայտ լկտի պահվածք դրսեւորել այդ մարդկանց նկատմամբ»,-իր խոսքն ամփոփեց Գեւորգ Պետրոսյանը:





























