Ամերիկացի ներդնող միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթի հետ ճաշելու իրավունքը ավելի քան 3․3 մլն դոլարով վաճառել են ամերիկյան բարեգործական ամենամյա աճուրդում։ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Associated Press գործակալությունը, հայտնել է, որ աճուրդի հաղթողը չի ցանկացել հայտնել իր անունը։
Աճուրդը, որն արդեն 19-րդ անգամ է կազմակերպվում միլիարդատիրոջ կողմից, անցնում էր առցանց ռեժիմում eBay ինտերնետային հարթակում։ Աճուրդի հաղթողը ավանդաբար ստանում է հնարավորություն ճաշել Բաֆֆեթի հետ ու նրան տալ ցանկացած հարց ։ Հավաքված գումարները ներդնողը փոխանցում է Glide Foundation հիմնադրամին, որը աջակցություն է ցուցաբերում Սան Ֆրանցիսկոյի անօթեւաններին։ Անցած աճուրդների արդյունքներով Բաֆֆեթին հաջողվել է հավաքել արդեն ավելի քան 26 միլիոն դոլար։
2016-ին աճուրդից ստացված հասույթը կազմել էր ռեկորդային 3․45 մլն դոլար։ 2017-ին անանուն անձը Բաֆֆեթի հետ ճաշելու հնարավորության համար 2․6 մլն դոլար էր վճարել։
Բաֆֆեթը ավանդաբար բարեգործական ճաշկերույթ է կազմակերպում հեղինակավոր Smith and Wollensky ռեստորանում՝ Նյու Յորքի կենտրոնում։ Աճուրդի հաղթողը իրավունք ունի իր հետ եւս յոթ մարդու կանչել։ 87-ամյա ներդնողի խոսքով, նման միջոցառումները սովորաբար մոտ երեք ժամ են տեւում, որի ընթացքում նա իր զրուցակիցների հետ հարցերի լայն շրջանակ է քննարկում։ Խոսակցության համար միակ արգելված թեման միլիարդատիրոջ ապագա ներդրումների քննարկումն է ։
Բաֆֆեթի ղեկավարած Berkshire Hathaway հոլդինգը տարիների ընթացքում վերածվել է կոնգլոմերատի, որը բաղկացած է մոտ 80 ընկերությունից։ Դրանք աշխատում են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապահովագրությունը, ներդրումները, արտադրությունն ու կահույքի, ոսկերչական իրերի, հագուստի ու պարենամթերքի առեւտուրը։





























