2010 թվականի վերջում Հայաստանի արտաքին պարտքի չափը կազմել է 3,795 մլրդ դոլար, որը ՀՆԱ-ի 44,4 տոկոսն է։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին հայտնել է Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, հավելելով, որ արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը չի աճի՝ 2011-12 թ.թ. այն կմնա նույն մակարդակի վրա, իսկ  2013 թ.-ից կսկսի նվազել։

Արտաքին պարտքի նվազմանը կնպաստի այն հանգամանքը, որ միջինժամկետ ծրագրերում պետական բյուջեի դեֆիցիտը կնվազի։

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերին, որոնք Հայաստանը պատրաստվում է իրականացնել նույնպես արտաքին ֆինանսավորմամբ (ատոմակայան, Իրան-Հայաստան երկաթուղի, խողովակաշար), ապա Վ. Գաբրիելյանն ասաց, որ դրանք արտաքին պարտքի ավելացման չեն հանգեցնի։ «Իրան–Հայաստան երկաթուղու եւ ատոմակայանի կառուցման ծրագրերի համար քննարկվում են բազմաթիվ մոտեցումներ, այդ թվում՝ հնարավոր է ամբողջովին մասնավոր ֆինանսավորում»,- ասաց Վ. Գաբրիելյանը։