Ցորենի միջազգային շուկաներում աժիոտաժը պահպանվում է. ԱՄՆ-ի բորսաներում ցորենը թանկանում է արդեն 5-րդ օրը շարունակ։ Նախկինի պես աշխատում է համաշխարհային էքսպորտային պահանջարկի գործոնը, հատկապես բարձրորակ ցորենի նկատմամբ։ Կոշտ հացահատիկի գործարքների գները հասել են 2008 թ. օգոստոսից հետո ձեւավորված գնի ամենաբարձր մակարդակին։

Համաշխարհային պահանջարկի վրա ազդող վերջին նորությունը ստացվել Ավստրալիայից։ Այդ երկրում հիմա ցորենի հասունացման փուլն է, սակայն գերխոնավության հետեւանքով ընկնում է ցորենի որակը։ Իսկ Ամերիկյան հարթավայրերի որոշ շրջաններում, ընդհակառակը, երաշտի սպառնալիք է ստեղծվել։ Առաջիկա 10 օրում այդ շրջաններում տեղումներ չեն սպասվում։ Երաշտից տուժում են նաեւ Չինաստանի հյուսիսային շրջանների ցանքերը։ Այս տեղեկությունների արդյունքում՝ Միննեապոլիսի բորսայում կոշտ ցորենի գինը հասել է 349,12 դոլարի՝ 1 տոննայի դիմաց, իսկ Կանզաս-Սիթիում՝ 333,3 դոլարի։ Չիկագոյի բորսայում, որտեղ վաճառվում է փափուկ ցորենը, համեմատաբար էժանություն է՝ տոննան արժե 306,8 դոլար։

Գների աճ է գրանցվել նաեւ եվրոպական բորսաներում։ Ֆրանսիական ցորենի թանկացմանը նպաստել է Ալժիրից ստացվող տեղեկությունը՝ ցորենի գնման հերթական տենդերի հայտարարման մասին։ Փարիզում եւ Լոնդոնում ցորենի գները հասել են 2008 թ. մարտի մակարդակին։ Այսպես՝ փարիզի բորսայում մարտյան մատակարարումների գինը կազմել է 356,4 դոլար՝ տոննայի դիմաց, իսկ Լոնդոնում՝ 321 դոլար։