Եթե Ստրասբուրգ, Բրյուսել կամ Նյու Յորք այցերն ավելի շատ ուսուցողական բնույթ են կրում, ապա Բուլղարիայի նման պետություն այցը, որը սոցիալիստական ճամբարի երկրներից մեկն էր եւ կանգնել է եվրոպականացման ուղու վրա, թույլ են տալիս ճանաչել ինքներս մեզ: Այս մասին հունիսի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի անդամ, «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս այցելությունները հնարավորություն են տալիս գնահատել այն ճանապարհը, որ երկրներն անցել են անկախություն ձեռք բերելուց հետո: «Այս փորձը շատ կարեւոր է: Բուլղարիա կատարած այցի ժամանակ ես շատ դրական բաներ եմ տեսել: Սակայն կարծում եմ, որ մենք որոշ առումներով 10 տարով առաջ ենք Բուլղարիայից: Մենք առաջ ենք եւ՛ սահմանադրական իրավունքի, եւ՛ օրենսդրության ուղղությամբ աշխատանքի, եւ՛ իրավական գործունեության, եւ՛ դրա՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու տեսանկյունից»,- վստահեցրեց Սարգսյանը:
Բացի այդ, պատգամավորը նշեց, որ Հայաստանն առաջ է Բուլղարիայից նաեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տնտեսությունը, էներգետիկան, արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը: Միեւնույն ժամանակ, Արամ Սարգսյանը շեշտեց, որ իրավիճակը չի մեղմում նույնիսկ Բուլղարիայի ելքը դեպի Սեւ ծով:





























