Հայաստանը 2018 թվականի ընթացքում մարդկանց առեւտրի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում տեղափոխվել է երկրների երկրորդ խումբ:

Հայաստանը հայտնվել է երկրների խմբում, որոնք լիովին չեն հետեւում Թրաֆիկինգի զոհերի պաշտպանության մասին ակտի նվազագույն ստանդարտներին, սակայն ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել նվազագույն ստանդարտների ապահովման համար՝ ապահովելով իրավապահ մարմինների աշխատողների  հուսալի պատրաստվածությունը, նախաձեռնելով մի քանի խոշոր դատական հետապնդումներ եւ տարբեր տեղեկատվական արշավներ կազմակերպելով:

Այնուամենայնիվ, զեկույցի համաձայն, այդ ջանքերը նախորդ հաշվետու ժամանակահատվածի ջանքերի համեմատ լուրջ եւ կայուն չեն եղել: Կառավարությունը ակտիվ չի աշխատել զոհերի հայտնաբերման համար: Արձանագրված դեպքերի թիվը նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ նվազել է:

Իշխանությունները գործերի մեծ մասը, որոնք ոստիկանության կողմից դասակարգվել են որպես թրաֆիկինգ, ապացույցների բացակայության պատճառով փակել են: Քննիչները բազմիցս հարցաքննել են զոհերին, այդ թվում երեխաներին եւ զոհերը դատարանում մշտապես հայտնվել են առեւտրով զբաղվող մարդկանց առջեւ, ինչը ռիսկային է նոր հոգեբանական վնասվածք ստանալու համար:

Միջազգային կազմակերպությունները հայտնել են մանկական աշխատանքի եւ երեխաների խնամքի պետական հաստատություններում երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի դեպքերի մասին եւ նշել, որ հաստատություններում բացակայում են երեխաների շահագործման կանխարգելման միջոցառումները:

Կառավարությունը շարունակել է կասեցնել աշխատանքի տեսչության գործառույթների մեծ մասը` խոչընդոտելով կանոնավոր ստուգումներին, որոնք կարող էին բացահայտել հարկադիր աշխատանքը: