Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով հարուցված սպանության մասով գործը կարճվել է, սակայն ինքնասպանության մասով մեղադրանք է առաջադրվել Նարեկ Ավետիսյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գայանե Հովհանյանը՝ նշելով, որ սպանության մասով կարճվել է Հովհաննես Ավետիսյանի մասնակցությունը:
«Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ.Պետրոսյանն ամեն ինչ արեց, որ հանկարծ Ավետիսյանները պատասխանատվության չենթարկվեն: Այսինքն՝ որևէ օբյեկտիվ որոշման ակնկալիք չունեմ և մեծ հաշվով իմ 5 տարվա պայքարը կշարունակվի՝ մինչև օրինական լուծում տրվի պահանջիս: Ես սպանության եւ Հովհանես Ասլանի Ավետիսյանի մասով կարճումը կբողոքարկեմ միանշանանակ: Հորս՝ Գյանջիրով Հովհանյանի սպանության գործով ցանկանում եմ ստանալ օրինական և օբյեկտիվ իրավական գնահատական: Պայքարելու եմ թեկուզ առաջիկա 50 տարին շարունակ»,- ասաց Գայանեն:
Նշենք, որ Գյանջիրով Հովհանյանի մահվան դեպքով նախաքննական մարմինը քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Այս կապակցությամբ Գայանե Հովհանյանը բողոք է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մասնակիորեն բավարարվել է նրա բողոքը. դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են, և պարտավորեցրել է վերացնել դրանք:
Որոշման դեմ այս անգամ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել Արարատի դատախազությունը՝ պնդելով, որ Գայանե Հովհանյանի իրավունքները չեն խախտվել, կատարվել է օբյեկտիվ քննություն: Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության ներկայացրած բողոքը:
Այնուհետեւ երկրորդ փուլում գործը քննել է հատուկ կարեւոր գործերով քննչական վարչությունը, եւ գործը կասեցրել էին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այս որոշումը, այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:
- Գայանեն իրավաբան է դարձել, որպեսզի բացահայտի հոր մահվան առեղծվածը
- Վերաքննիչը վարույթ է ընդունել 5 տարի առաջ մահացածի գործում կեղծ գրություն լինելու մասին բողոքը





























