Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման հետ հրադադարի դադարեցման մասին։ Սրա հետ մեկտեղ երկրի նախագահը շեշտել է, որ մարտական գործողությունների ժամանակավոր դադարեցումը հաստատեց հակամարտության կարգավորմանը երկրի պատրաստակամությունը։ Այս մասին Աշրաֆ Գանին նշել է իր ելույթում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Միաժամանակ, Գանին նկատել է, որ «Թալիբանի» անդամները խաղաղություն են ցանկանում, իսկ հրադադարի ռեժիմը հաստատել է, որ թալիբները հոգնել են պատերազմից։
Հունիսի 7-ին Աֆղանստանի նախագահը հայտարարել էր «Թալիբան» շարժման հետ միակողմանի հրադադարի մասին։ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ թալիբներն իրենց հերթին հայտարարել են 3-օրյա հրադադարի մասին, որը սկսել էր ուրբաթ՝ հունիսի 15-ին։ Երկու օր անց Աֆղանստանի կառավարությունը երկարաձգել էր հրադադարի ռեժիմը։ Սակայն, թալիբները հայտարարել են, որ այլեւս մտադիր չեն շարունակել այն եւ հունիսի 17-ի երեկոյան վերսկսել էին մարտական գործողությունները։





























