ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այսօր առաջին պաշտոնական այցով Արցախի Հանրապետությունում է։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակում Մանե Թանդիլյանին կընդունի ԱՀ նախագահ Բակո Սահակյանը` վերահաստատելու Հայաստանի եւ Արցախի սոցիալական քաղաքականության համատեղ օրակարգն ու նախանշելու զարգացման հեռանկարները։

Այցի ընթացքում նախարարը հանդիպումներ կունենա նաեւ ԱՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի հետ։

Ոլորտում առկա օրենսդրական խնդիրների քննարկման նպատակով Թանդիլյանը կհանդիպի ԱՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։ Աշխատանքային հանդիպում է սպասվում նաեւ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում։ Մանե Թանդիլյանին ուղեկցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը։

Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանրություններն ու առանձնահատկությունները, փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: