Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ Հրազդանի քաղաքապետարանում  մասնագիտական եւ  իրավական հսկողության ոչ պլանային գործողություն իրականացնելու համաձայնություն ստանալու համար:

NEWS.am-ի հետ զրույցում մարզպետը նշեց, որ միջնորդությունն արդեն բավարարվել  է եւ առաջիկայում ստուգումներ կիրականացվեն. «Հիմքերը բազմաթիվ են եւ ծանրակշիռ: Դրանցում նաեւ կցված են քաղաքացիների դիմում-բողոքները, նամակներ, որտեղ ամենատարբեր ոլորտների, կյանքի ամենատարբեր բնագավառների  խնդիրներ են բարձրաձայնված, որոնք ըստ իս, պատկանում են ՏԻՄ ղեկավարի՝ ուղղակի պարտադիր խնդիրների շարքին»:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այդ բոլոր բացթողումները, բողոքներում նշված թերացումները կյանքի որակի վրա լրջագույն ազդեցություն ունեն, կապված են ՏԻՄ ղեկավարի պարտադիր խնդիրների շարքին, ինչն էլ առիթ է հանդիսացել միջնորդելու համապատասխան կարգով ստուգումներ սկսելու Հրազդանի քաղաքապետարանում:

«Առհասարակ ՏԻՄ մարմինների վարչական ղեկավարների մյուս հրաժարականները եւս հիմնականում պայմանավորված են նույն խնդիրներով, որոնք  տարիներ շարունակ, նույնիսկ տասնյակ տարիներ շարունակ չեն լուծվել: Խնդիրներ կան, որ կարելի էր լուծել ընդամենը բարի կամքի կամ մեկ գրչի հարվածով, որը չի արվել:

Խնդիրներ ունենք, որ պարզաբանում են, որ ֆինանսական խնդիրների պատճառով են եղել, բայց այնպիսի ֆինանսական ծախսեր են արել տվյալ համայնքների ղեկավարները, այնպիսի գույք եւ շքեղ կահավորված գրասենյակներ ու ծառայողական մեքենաներ են ձեռք բերել այդ համայնքապետերը՝ բնավ չնայելով իրենց համայնքի սոցիալական  սուղ վիճակին, որ մենք չենք կարող անտեսել դա»,-հայտարարեց մարզպետը:

Նա հավաստիացրեց, որ քավության նոխազներ չեն փնտրում, բայց լրջագույնս ուսումնասիրում են բոլոր այն պատասխանատուներին, որոնք իրենց ոլորտում թերացել են կոնկրետ գործընթացներ իրականացնելու մեջ, յուրաքանչյուրն իր տեղում տապալել է ընդհանուր զարգացման ծրագիրը, կառավարութան ծրագիրը:

«Նրանք, որոնք հրաժարական են տվել, գուցե եւ հասկացել են, որ իրենք պատրաստ չեն այս փոփոխություններին, պատրաստ չեն գուցե մաքուր  աշխատավարձով աշխատանքին»,-նշեց մարզպետը:

Հարցին, թե ինչու Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը միայն օրերս որոշեց հրաժարական տալ, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այս ժամանակահատվածում քաղաքապետը երեւի թե փորձեց իր համար երաշխիքներ, երաշխավորողներ, տանիքներ փնտրել, դրա համար մնաց կառչած իր աթոռին: Ես այդպես եմ հակված մտածելու, ինչը ի պատիվ մեզ, ի պատիվ այսօրվա իշխանությունների, այլեւս բացառվում է: ՀՀ-ում այլեւս  գերակա է օրենքը եւ Սահմանադրությունը, իսկ դրանք որեւէ մեկին տանիք չեն կանգնում, օրենքի առջեւ բոլորը հավասար են եւ դա երեւի թե Հրազդանի քաղաքապետը հասկացավ»:

Կոտայքի մարզպետը նաեւ նշեց, որ այս պահին Հրազդանում սպասվող համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված որեւէ անելիք չունեն: Հուլիսի 2-ին Հրազդանի քաղաքապետարանում հրավիրված ավագանու արտահերթ նիստի ընթացքում Հրազդանի քաղաքապետի լիազորությունները կդադարեցվեն, որից հետո ըստ ընթացակարգի, արձանագրությունը կուղարկվի մարզպետարան, որից հետո առաջիկա անելիքները կմատնանշվեն:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Կոտայքի մարզի մի շարք համայնքապետեր, վարչական միավորների ղեկավարներ հրաժարականներ են տվել: Պաշտոնանկություններ են սպասվում նաեւ Հրազդանի քաղաքապետարանում: Մամուլի տեղեկություններով, Հրազդանի քաղաքապետի թեկնածու կառաջադրվի «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: