Չին հնագետները Հենան կենտրոնական նահանգի տարածքում հնագույն դամբարանային համալիր են հայտնաբերել, որոնք պատկանում են Չունցյու պատմական շրջանին (մ.թ.ա. VIII-V դար), հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Պեղումներն իրականացվել են նահանգի հյուսիս-արեւմուտք գտնվող Իմա քաղաքի գործող քիմիական գործարանի տարածքում:

«Դամբարանները լավ են պահպանվել եւ դասավորված են կազմակերպված կարգով»,- հայտնել է մշակութային ժառանգության եւ հնագիտության ինստիտուտի աշխատակից Մա Ցզյունցայան: Ինչպես նշել է մասնագետը, աշխատանքների ընթացքում գիտնականներին հաջողվել է ընդհանուր առմամբ 21 գերեզման եւ վեց փոս գտնել, որոնցում 28 ձիու մնացորդներ են պահպանվել: Պեղումների վայրում նաեւ բրոնզից, կերամիկաից եւ նեֆրիտից պատրաստված շուրջ 500 կտոր ծիսական պարագաներ են հայտնաբերվել: