Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդներին կապում են համագործակցությունն ու բարեկամությունը, որոնք հանդիսանում են հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների հիմքը: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս սկզբունքների վրա հիմնված փոխգործակցությունը հնարավորություն կտա համագործակցության զարգացման ավելի բարձր մակարդակ ապահովել, ինչն, անկասկած, համապատասխանում է երկու ժողովուրդների եւ երկրների հիմնարար շահերին:

Նախագահ Սարգսյանը Բելառուսի նախագահին մաղթել է առողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Արմեն Սարգսյանը եւս մեկ անգամ շնորհավորել էր Լուկաշենկոյին հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ, որից ընդամենը մեկ օր առաջ տեղեկություն էր տարածվել, որ Բելառուսը սպառազինություն (այդ թվում «Պոլոնեզ») էր վաճառել Ադրբեջանին: Սա հակազդեցություն էր առաջացրել հասարակության եւ փորձագետների շրջանում: