Հայկական բանակը պետք է լինի հաղթող, աննահանջ եւ ամեն օր կատարելագործվող։ Հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին  ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը։

«Հայկական  բանակում այսօր շատ անելիքներ կան։ Ճիշտ է, մարտական ոգին դեռ պահպանվում է, այն մեր մեջ բնազդի պես է, սակայն էլ ավելի բարձրանալու կարիք ունի»,- նկատեց նա՝ միաժամանակ չցանկանալով խոսել հայկական Զինված ուժերում առկա թերությունների մասին։

«Վաղը տոն է, չեմ ուզում այդ մասին խոսել, բայց որ թերություններ կան, դա միանշանակ է։ Ուղղակի մի բան կասեմ, տղաները գոհ են մարտի դաշտում տարած իրենց հաղթանակից, իսկ մնացածը կարեւոր չէ»,- շեշտեց նա՝ թերությունների շարքում, այնուամենայնիվ, անդրադառնալով վերջին ժամանակներս բանակում կատարված միջադեպերին։

«Բանակում տեղի ունեցող կամայականություններն անպայման պետք է լուսաբանվեն, դա դուրս է մղում այնտեղ եղած բացասականը, բայց եթե դրանց մասին բարձրաձայնելուց հետո էլ զինվորների հանդեպ վատ վարվող սպաներն անպատիժ են մնում, ապա ավելի լավ է առհասարակ չլուսաբանել նման դեպքերը։ Բանակը մեր օրգանիզմի ամենազգայուն մասն է, դրա հետ պետք է շատ նուրբ վարվել»,-նկատեց նա։

Նշենք, որ վաղը՝ հունվարի 28-ին լրանում է հայկական բանակի կազմավորման 19-րդ տարեդարձը: