2017 թվականի օգոստոսի 17-ին Կատալոնիայում ահաբեկչություն իրականացրած ահաբեկչական բջիջը նախապես ծրագրել էր հարձակումն իրագործել պայթուցիկով լցոնված բեռնատարով: Այս մասին հայտնում է La Vanguardia պարբերականը՝ վկայակոչելով քննությանը ծանոթ աղբյուրներին:
Ահաբեկչությունն իրականացնողները որոշել էին բեռնատար վարձել, սակայն երբ օգոստոսի 16-ին եկել են մեքենայի հետեւից, պարզվել է, որ փոխադրամիջոցը վարելու համար անհրաժեշտ է C կարգի վարորդական իրավունք, այլ ոչ B, որը ունեին բջջի անդամները: Այդ ժամանակ ահաբեկիչները որոշել են վարձով վերցնել ֆուրգոն, որի միջոցով հաջորդ օրը Բարսելոնում հարձակում էին կազամակերպելու:
Ահաբեկչության կազմակերպիչների ծրագիրը փոխել է օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Ալկանարայում շենքի պայթյունը, որտեղ ահաբեկիչներն արտադրում էին ինքնաշեն պայթուցիկ, որը պատրաստվում էին օգտագործել իրենց հարձակման համար: Բջջի անդամները մտադիր էին բեռնատարը լցոնել բութանի բալոններով, որոնք ամիսներով հավաքում էին Ալկանարայում, ինչպես նաեւ պայթուցիկով:
Մինչեւ հարձակումը մի քանի օր ահաբեկիչները համացանցում վայրեր են ընտրել, որտեղ հնարավոր կլիներ հարձակումը կատարել: Իրավապահ մարմինները չեն բացառում, որ հարձակումներից հետո, որը բջիջը ցանկանում էր կազմակերպել Կատալոնիայում, այնուհետեւ բջջի անդամները կկարողանային փորձել գրոհել Էյֆելյան աշտարակը:





























