Հուլիսի 19-ից 21-ը տեղի է ունեցել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով:
Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական եւ հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական եւ միջազգային փորձագետներ։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ողջունել է բոլորին եւ կարեւորել երեխաների նկատմամբ բռնության արձագանքման անհրաժեշտությունը, անչափահասների արդարադատության ոլորտում միջգերատեսչական համագործակցությունը, հետազոտական եւ վիճակագրական արդյունքների հիման վրա քաղաքականության մշակման եւ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:
Հաջորդիվ ելույթ են ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա․ Մանուկյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության ծրագրի համակարգող Վ. Օհանյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագետ Լ․Է. Ինդրեյտենը, որոնք հանդես են եկել գործընկերության հետագա զարգացումներին աջակցող նախաձեռնությամբ։
Եռօրյա համաժողովի մասնակցային քննարկումների եւ խմբային աշխատանքների արդյունքում խորհրդի անդամները, գլոբալ գործընկերության անդամակցությամբ պայմանավորված, իրականացրել են ինքնագնահատում, ինչպես նաեւ քննարկել Հայաստանում երեխաների հանդեպ բռնությունը մինչ 2030-ը վերջ դնելու ճանապարհային քարտեզի առաջնահերթությունները, կանխարգելման եւ արձագանքման գործողությունների շեշտադրումների շրջանակը:
Անչափահասների արդարադատության խորհրդի քարտուղարությունը իրականացվում է «Իրավական կրթության եւ վերականագնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:





























