Ամեն պետություն իր շահերին համապատասխան պետք է որոշի իր «բաց երկնքի» քաղաքականությունը: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ, ավիատոր Դմիտրի Ադբաշյանը:

«Բաց երկնքի քաղաքականությունը շատ մեծ սխալ է, եւ ամոթ այն մարդկանց, ովքեր մինչեւ հիմա այդ քաղաքականությունը գովում են: Ես բաց երկնքի քաղաքականության դեմ չեմ, թշնամին չեմ, սակայն այդ քաղաքականության մեջ պետք է անպայման տեղ թողնեին, որ մենք իրավունք ունենայինք  պաշտպանելու մեր ավիացիայի շահերը: Ամբողջ աշխարհում դա այդպես է արվում, թե չէ Ռուսաստանը կմնար առանց ավիացիայի: ԱՄՆ ավիաընկերությունները գնացել են Թրամփի մոտ եւ բողոքել են, թե մի հատ տեսեք՝ արաբական ընկերություններն ԱՄՆ թռչում են շատ ցածր գներով, եւ մենք իրենց հետ չենք կարող մրցել: Թրամփն արգելեց իրենց թռիչքները, եւ 2-3 ամիս անց արաբական ընկերությունները իրենց հաշվետվությունները հայտնում են ԱՄՆ կառավարությանը ու ստիպել են նրանց թռչել հավասար գներով, ինչ ամերիկյաններն են թռչում: Հո հիմար չե՞ն նրանք, ովքեր բաց երկինքը հորինեցին, բոլորն էլ հասկանում են, որ ամեն մի պետություն ունի իր շահերը, ազգային խնդիրները»,- ասաց Ադբաշյանը: