ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ ծանոթանալու ուսումնական հաստատության հեղինակային կրթական ծրագրերին եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրակրթության կազմակերպման հարցում կրթահամալիրի ներգրավվածությանը։

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը շրջայցը սկսել է կրթահամալիրի նախակրթարաններից, ծանոթացել դպրոց-պարտեզների ուսումնական լողավազաններում եւ ձիարշավարանում երեխաների մարմնակրթական ուսուցման կազմակերպմանը։ Այնուհետեւ այցելել է միջին եւ ավագ դպրոցների մասնաշենքեր, շրջել դասասենյակներով, մարմնամարզության, սպորտի եւ արվեստի ուսուցման լսարաններով, եղել ընթերցասրահներում ու լաբորատորիաներում։

Շրջայցի ճանապարհին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նախարարին մանրամասն  ներկայացրել է ուսումնական հաստատության հանրակրթական ծրագրերը եւ նրա ուշադրությունը հրավիրել հանրակրթական գյուղական դպրոցի մոդելի միջոցով ուսումնական հաստատության եւ բնակավայրի միջեւ ֆիզիկական անջրպետների վերացման գաղափարի վրա։

Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է վարչական շրջանի կրթամշակութային կյանքի զարգացմանը խթանող նման թափանցիկ եւ բաց կրթական հաստատություների գործունեությունը եւ ընգծել, որ նման ձեւաչափի կիրառումը բազմաբնակավայր համայնքներում կարող է արդյունավետ լուծում հանդիսանալ այն բնակավայրերի համար, որոնք ունեն մանկապարտեզներով, մշակութային եւ սպորտային հաստատություններով ապահովված լինելու խնդիր։

«Տպավորություններս գերազանցեցին սպասելիքներս։ Ստեղծված միջավայրը կարող է իրապես նպաստել բարձր մակարդակի ուսումնառության կազմակերպմանը, որի շնորհիվ այստեղ ուսանող երեխաների մոտ կզարգանան ազատ, անկաշկանդ ու պատասխանատու քաղաքացու հատկանիշներ, ինչը շատ կարեւոր եմ համարում մեր հասարակության համար»,- ասել է նախարարը՝ իր տպավորությունները կիսելով կրթահամալիրի սաներից մեկի հետ։