ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, երեկ Նիկոսիայում հանդիպել եմ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Շատ անկեղծ զրույց ենք ունեցել: Նախ, պատմել եմ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին, այնուհետեւ ներկայացրել սփյուռքի հետ աշխատանքների, Հայաստան-սփյուռք գործակցության շուրջ իմ եւ մեր թիմի պատկերացումներն ու մշակվող նոր ռազմավարությունը, որից հետո լսել եմ նրանց. արձանագրել ենք համայնքում առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաեւ համայնքի հաջողության պատմությունները, լսել եմ նաեւ Կիպրոսի մեր հայրենակիցների տարբեր առաջարկներ, խորհուրդներ:

Այսօր ավարտվում է այցս Կիպրոս, որը երեք հիմնական նպատակ ուներ՝ այց Մելքոնյան վարժարան, ծանոթություն հայ համայնքի հետ եւ ՀՀ-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպում:

Հաշվետու կերպով կներկայացնեմ այցիս մանրամասներն ու արդյունքներն ավելի ուշ»: