Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը քաղաքական պատասխանատվություն է ստանձնել զանգվածային անտառային հրհեդների հետ կապված ողբերգության համար, որը ընդգրկել էր երկրի զգալի մասը։ Ինչպես քաղաքական գործիչը հայտնել էր կառավարության արտահերթ նիստի ժամանակ՝ զոհերը զրկվել են կյանքի անարդար ու անհավանական ձևով, հայտնում է DW-ն։

«Մենք չենք փորձի խուսափել պատասխանատվությունից»,- հավելել է Ցիպրասը։ 

Ավելի վաղ փորձագետները ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ Հունաստանում շատ տներ չափից մոտ են կառուցված անտառներին, ինչի հետևանքով էլ դրանց կողքին բացակայում էին հրշեջ ջոկատների մոտենալու համար ճանապարհները։ Ալեքսիս Ցիպրասը զանգվածային ապօրինի կառուցապատումների փաստն ընդունել է ու հայտնել, որ իշխանությունները ցավոք պետք է ի գիտություն ընդունեն, որ երկրում չափից շատ խախտումներ են եղել։

Հրդեհների հետևանքով զոհերի քանակը հասել է 87-ի։ 21-րդ դարում Եվրոպայի տարածքում ոչ մի հրդեհից այդքան շատ մարդ չի զոհվել, նշում է AFP գործակալությունը։ Անտառային հրդեհները Հունաստանում սկսվել էին հուլիսի 23-ին  Աթենքի շրջակայքում ու առափնյա գոտում։ Հուլիսի 26-ին հունական իշխանությունները հայտնել են, որ հրդեհների պատճառը կարող էր լինել միտումնավոր հրկիզումը։