Ես թյուր կարծիք ունեմ, որ գործադիր իշխանությունը սպասում է արտահերթ ընտրությունները եւ մոռացել է մեր մասին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, ԱԺ-ում «Համայնքներում առկա խնդիրները, տարածքային համաչափ զարգացման հնարավորությունները ՀՀ-ում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Հիմա մտածում եմ, որ եթե մենք, այնուհանդերձ, ինչ–որ բաներ գեներացնենք, ապա ով է դա ընդունելու, ով է տիրություն անելու»,–հավելեց նա։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ներկա վարչատարածքային բաժանման պարագայում տեղական կառավարումն իրականացնել շատ դեպքերում հնարավոր չէ. «Հայաստանում 1996-ին 930 համայնք ստեղծեցինք։ Ըստ էության, մեր երկրի երկարությունը 300 կմ է, լայնությունը՝ 100 կմ է։ Այսինքն՝ վարչատարածքային բաժանման ենթարկված տարածքները հարուստ մարդու գոլֆի դաշտ ոնց որ լինի։ Տվյալ տեղերում տեղական ինքնակառավորում հնարավոր չէր կազմակերպել, հատկապես երբ մենք ունենք ֆինանսական սուղ հնարավորություններ։ Այսպիսի պայմաններում պետությունը պետք է օգնի ապահովել նվազագույն պայմաններ»։
Բոստանջյանը իր խոսքը եզրափակելով հարցադրում արեց ներկաներին. «Ես ուզում եմ մենք հասկանանք՝ քննարկեցինք, բարձրացրինք հրատապ հարցերը, բայց դրանց լուծումը ինչպե՞ս ենք տեսնում»։





























