Հուլիսի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը զեկուցեց անցած շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման եւ ընթացիկ աշխատանքների մասին: Տնօրենը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում «911» ծառայություն ստացվել է 22 368 ահազանգ: Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ գրանցվել է բուսածածկ տարածքների 111 հրդեհ: Գնդապետ Նահապետյանը նաեւ նշեց, որ հաշվի առնելով սեզոնային ակտիվությունը, Սեւանա լճի հանրային լողափերում իրականացվում է ուժեղացված ծառայություն:

Փրկարար ծառայության արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար՝ նախարարը հանձնարարեց Երեւան քաղաքում ստեղծել երկու նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ:

Նախարար Ռոստոմյանը հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին եւ անդրադարձավ կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով, որ դրանք պետք է կազմակերպվեն հնարավորինս արագ եւ հիմնավոր. «Նախորդ շաբաթ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի քննարկել ենք նաեւ ԱԻ նախարարության կողմից իրականացված աշխատանքները, ինչպես նաեւ առկա ռեսուրսները: Արդյունքում եկել ենք հստակ դիրքորոշման. պետք է բացառել ցանկացած ուռճացում եւ հետեւել քաղաքական որոշմանը՝ ձեւավորել հնարավորինս հստակ աշխատանքային թիմ եւ կազմակերպել արդյունավետ աշխատանք», - նշեց նախարարը:

Ընթացիկ աշխատանքների եւ եղանակային պայմանների մասին զեկուցեց նաեւ Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը, նշեց, որ հանրապետության տարածքում բարձր ջերմային ֆոնը կպահպանվի մինչեւ հուլիսի վերջ, իսկ արդեն օգոստոսի մեկից եղանակը կնվազի, կգրանցվեն տեղումներ:

ՀՀ ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Լյուդմիլա Մելիքյանը զեկուցեց, որ ավարտվել են ընթացիկ աշխատանքները՝ օգոստոսի 6-16-ը համակարգի աշխատակիցների 115 երեխայի ամառային հանգիստը «Գուգարք» մանկական ճամբարում կազմակերպելու համար:

Նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց վերանայել երեխաների ցանկը, ընդգրկել ճամբարում հանգստանալ ցանկացող անխտիր բոլոր երեխաներին եւ, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել ճամբար մեկնողների երկրորդ հերթափոխ: