ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետեւ Խումբ) արձագանքել է Արդարադատության նախարարության հայտարարությանը, ըստ որի, Խմբի անդամ Զարուհի Հովհաննյսնաը խախտել է Խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու Կարգը:
Խմբի հայտարարությունում ասվում է.
«ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսունետ՝ Խմբի) անդամ Զարուհի Հովհաննիսյանը, սույն թվականի հուլիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ազատազրկված կանանց իրավունքներին, հայտարարել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ում կալանքի տակ է գտնվում 4 անչափահաս երեխայի մայր, այն դեպքում, երբ օրենքով կալանքը չպետք է իրականացվեր:
Այս հարցի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը 2018 թվականի հուլիսի 26-ին գրությամբ դիմել է Դիտորդների խմբին, միեւնույն ժամանակ հուլիսի 27-ին պաշտոնական հայտարարություն է տարածել առ այն, որ նշված հայտարարությամբ Խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը խախտել է Խմբի կողմից հասարակական վերահսկողություն իրականացնելու Կարգը (սահմանված ՀՀ Արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի թիվ ՔՀ-66-Ն հրամանով):
ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշմամբ՝ Կարգի համաձայն, Դիտորդների խմբի կողմից հասարակական վերահսկողության արդյունքում հայտնի դարձած տեղեկությունները, որոնք ամփոփվում եւ պարտադիր ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարությանը, միաժամանակ կարող են տրամադրվել նաեւ հասարակությանը՝ բացառապես ՀՀ ԱՆ-ի կողմից հաշվետվությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուց հետո:
ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարության կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ Խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանի կողմից արված հայտարարությունը դուրս է արդարադատության նախարարության լիազորությունների սահմաններից եւ վերաբերում է դատարանների կողմից կիրառված կալանավորմանը:
Հետեւաբար՝ այդ հարցով նախարարություն հաշվետվություն ներկայացնելու խնդիր չկար: Սակայն, քանի որ բարձրացված հարցը վերաբերում էր ազատազրկման մեջ գտնվող անձի իրավունքներին, ինչպես նաեւ հանգեցնում քրեակատարողական հիմնարկներին վերաբերող համակարգային խնդիրներին, Զարուհի Հովհաննիսյանը իր պարտքն է համարել անդրադառնալ այդ հարցին:
Ամենամտահոգիչ հանգամանքը, թերեւս, այն է, որ Խմբի կողմից բազմիցս բարձրացված կարեւորագույն հարցերին անդրադառնալու փոխարեն, արդարադատության նախարարությունը մտացածին կերպով խախտում է հայտնաբերել Խմբի գործունեության մեջ:
Խումբը փաստում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նախարարությունը փորձում է գրաքննության ենթարկել Խմբի անդամների հայտարարությունները:
Ինչ վերաբերում է Կարգի խախտում թույլ տալուն, ապա նույն Կարգի 13-րդ կետի 6-րդ պարբերության համաձայն (ի դեպ, որին հղում էր կատարել նախարարությունը) քրեակատարողական հիմնարկներ եւ մարմիններ կատարած այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են ՀՀ արդարադատության նախարարության մեկնաբանությունների հետ մեկտեղ, բացառությամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից սահմանված ժամկետում համապատասխան մեկնաբանությունները չներկայացնելու դեպքերի:
Հաշվետվություններն ու դրանց մեկնաբանությունները տեղադրվում են նաեւ ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքում։
Այս տարիների ընթացքում արդարադատության նախարարությունը Խմբի որեւէ հաշվետվություն իր կայքում չի հրապարակել՝ խախտելով Կարգի պահանջները:
Սակայն նախարարությունը իր կողմից թույլ տրված խախտումներին անդրադառնալու փոխարեն սեւեռվել է Խմբի գործունեության վրա՝ վերջինիս անհիմն մեղադրելով Կարգի խախտման մեջ:
Խումբը հավատարիմ է իր առաքելությանը եւ շարունակելու է ազատազրկման մեջ գտնվող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունները՝ բոլոր օրինական ճանապարհներով:
Միեւնույն ժամանակ՝ ՀՀ արդարադատության նախարարությանը կոչ ենք անում կենտրոնանալ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշպանության վրա:





























