Խորհրդային միության փլուզումից հետո մենք ամեն ինչ կորցրեցինք, քանդեցին ռազմարդյունաբերության գործարարանները, ամեն ինչ փոշիացվեց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին «Ռազմական արդյունաբերություն. ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը» թեմայով քննարկմանը նշեց ֆիզմաթ գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը։ 

Խոսելով ներկա պայմանների մասին՝ պրոֆեսոր շեշտեց՝ կցկտուր քայլերով ոչինչ չի ստացվի. «Ռազմական արդյունաբերությունը պետք է սկսվի գիտական լաբորատորիայից, պետք է անցնի փորձարարական–կոնստրուկտորական, ապա արտադրության ճանապարհ, այսինքն՝ այն ամբողջ համալիր է իրենից ներկայացնում»։

Ստեփան Պետրոսյանը համոցված է՝ մի գործարանով հարցը չի լուծվի, ռազմական արդյունաբերության նախարարության կառուցման անհրաժեշտություն կա.  «Պաշտպանության նախարարությունում, իհարկե, գիտակցել են, որ Հայաստանին ռազմական արդյունաբերություն է պետք, դրա համար ՊՆ կազմում գործել է ռազմական արդյունաբերության վարչություն, որը սակայն քաղաքականություն չէր կարող մշակել, ուստի ստեղծվեց ռազմական արդյունաբերության պետական կոմիտե, ես հույս ունեի, որ այն ժամանակի ընթացքում կառանձնան եւ կդառնա նախարարություն»։

Այնուամենայնիվ, պրոֆեսորը ներկա պայմաններում ռազմական արդյունաբերության զարգացման հնարավորությունը տեսնում է՝ հիմնվելով ՏՏ, էլեկտրոնիկայի, օպտիկական սարքաշինության, «խելոք» զենքերի արտադրության եւ այլ ոլորտների վրա։ «Հիմա լավագույն բանակներում հրամանատարը գիտի իր զինվորը որտեղ է գտնվում, վիրավորվե՞լ է, թե՞ ոչ, այսինքն՝ ամբողջ ինֆորմացիան հայտնի է, քանի որ զինվորի վրա դատչիկներ են տեղադրված, զգում են՝ հակառակորդը որ կողմից է գալիս, ինչ շարժ կա եւ այլն»։

Նրա կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո սխալ ճանապարհով ենք գնացել. «Գործարանը կոպեկներով վաճառել ենք»,–նշեց նա։

Ստեփան Պետրոսյանը դժգոհ է ՊՆ ներկա ղեկավարության աշխատանքից եւ համոզված է՝ պետք է սովորենք արդյունավետ աշխատել. «Պն–ում նոր ղեկավարություն է եկել, բայց նրանք պարալիզացված վիճակում են, ամեն մեկը վախենում է իր ստորագրությունը դնի, օրինակ ես դժգոհ եմ՝ 4 ամիս է բանակցում են մեզ հետ տեղական զրահաթիթեղ մատակարարելու շուրջ»։

Նա նկատում է՝ իրավիճակ հանրապետությունում փոխվել է, բայց ռազմական արդյունաբերության ոլորտում՝ ոչինչ։ «Քաղաքական կամք կա շատ ոլորտներում, բայց ոչ ռազմական արդյունաբերության ոլորտում, այն պարագայում, որ մենք պատերազմող երկիր ենք»: