«Առավոտ» թերթը զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահրամ Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյան, օրեր առաջ ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը հայտարարեց ասուլիսում, որ Տարբեր խորությունների վրա ցերեկային եւ գիշերային պայմաններում առաջնագիծը լիարժեք վերահսկվում է: Դրանից առաջ որոշ աղմկահարույց բացահայտումներ եղան Ապրիլյան պատերազմի ժամանակահատվածում ստացված օգնության վերաբերյալ: Կասե՞ք, թե ինչ դերակատարում ունեցան այն ժամանակ ստացված օգնությունները առաջնագծի նման վերազինման գործում:

Արդեն երկու տարուց ավելի է անցել ապրիլյան պատերազմից, որը ավելի արագացրեց առաջնագծում կատարվող լավարկման աշխատանքները: Մասնավորապես՝ պատերազմի օրերին բացված կառավարության հատուկ հաշվեհամարում կուտակված բարեգործական գումարների, պետական բյուջեով տրամադրվող միջոցների եւ մի շարք բարերարների կողմից ֆինանսական եւ նյութատեխնիկական առանձին աջակցությունների շնորհիվ այս երկու տարում նշանակալիորեն բարելավվել է առաջնագծի պաշտպանության տեխնիկական բաղադրատարրը:

Բոլոր ուղղություններում տեղադրվել են տարբեր հեռավորության դիտարկման ու վերահսկման համակարգեր, որոնք էականորեն հեշտացրել ու բազմակողմանի են դարձրել օպերատիվ եւ ռազմավարական անհրաժեշտ տվյալների հավաքագրման գործընթացը:

Արդյունքում հայկական կողմը սկսել է շատ ավելի վաղ եւ համակողմանի կերպով դիտարկել Ադրբեջանի տարածքում տեղի ունեցող շարժերն ու փոփոխությունները, ինչը թույլ է տալիս մեզ համապատասխանեցնել մեր գործողությունները առկա միտումներին: Քանի որ վերջին շրջանում տարբեր առիթներով շահարկվել է ապրիլյան պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հավաքագրված օգնության բաշխման հարցը՝ հիշեցնեմ, որ այն ժամանակ կառավարությունը պարբերաբար հանդես է եկել բաց հաշվետվություններով՝­ բազմապիսի օգնությունների ստացման ու բաշխման վերաբերյալ:

Մասնավորապես՝ ներկայացրել ենք բոլոր ստացված մեքենաների նվիրատուների եւ ստացող սուբյեկտների ցանկերը, ֆինանսական բոլոր փոխանցումների հեղինակների անունները ու հավաքագրված միջոցների բաշխման ուղղություններն ու մարմինները:

Կարճ ասած, կառավարությանը տրամադրված բոլոր տիպի աջակցությունները արդյունավետորեն են բաշխվել, եւ այդ աղմկահարույց դեպքերով բացահայտված ապրանքների հետ կառավարությունն առնչություն չունի: Մանրամասն հաշվետվություններն առկա են կառավարության կայքում: Ինչ վերաբերում է առաջնագծի վերազինմանը, ապա այդ աշխատանքների մի մասը կատարվել է հենց հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով:

Կնշե՞ք, թե ինչ տիպի եւ ծավալի խոշոր աջակցություն է ստացել կառավարությունն այն ժամանակ:

Հատուկ հաշվեհամարին փոխանցվել էր շուրջ 5.5 մլրդ դրամի նվիրատվություն, եւ ի թիվս հազարավոր նվիրատուների՝ մի շարք անհատներ եւ կազմակերպություններ խոշոր նվիրատվություններ են կատարել: Ֆինանսական առումով, օրինակ, Գազպրոմ Արմենիան հատկացրել է ավելի քան 600 մլն դրամ, Ռուբեն Վարդանյանը եւ նրա գլխավորած IDeA հիմնադրամը՝ շուրջ 1.1 մլն դոլար, Մայր աթոռը՝ շուրջ 1 մլն դոլար եւ այդպես շարունակ:

Իսկ նյութատեխնիկական մասով հատկանշական էին Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքների նվիրատվությունները գլխավորապես մեքենաների տեսքով, ինչպես նաեւ նշանակալի է գործարար Գուրգեն Խաչատրյանի կողմից մի շարք կարեւոր սարքավորումների ու նորարարական տեխնոլոգիաների հատկացումը:

Բազմաթիվ այլ աջակիցներ էլ են եղել եւ՛ ֆինանսական, եւ՛ նյութատեխնիկական, եւ՛ պարենային ու այլ միջոցներով, սակայն ավելի փոքր ծավալի. նրանց մի մասն ուղիղ կերպով աշխատել է ՊԲ-ի հետ՝ առանց կառավարության լրացուցիչ օղակի, ինչը նշանակում է, որ իրենց նվիրատվությունները չեն հաշվառվել ու հրապարակվել մեր կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում