«Սանիթեք»–ի քաղաքական հայտարարությանը չեմ պատրաստվում պատասխանել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին «Սանիթեք» ընկերության դեմ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով «Սանիթեք»–ի այն հայտարարությանը, որով հորդորում էին խնդիրը բարձրաձայնողներին քաղաքական դիվիդենտներ չհավաքել «Սանիթեք»–ի հաշվին։
«Կարծում եմ «Սանիթեք»–ի կողմից դա քաղաքական հայտարարություն է, որին չեմ պատրաստվում պատասխանել»,–նշեց նա։
Խաժակյանը շեշտեց, որ աղբահանությունը չի իրականացվում այն ժամանակ, երբ Հայաստան են ժամանում բազմաթիվ զբոսաշրջիկներ։
Ավագանու անդամը համաձայնեց, որ «Սանիթեքը» սաբոտաժ չի անում, քանի որ անցյալ տարի էլ են քաղաքացիները նմանատիպ բողոքներով հանդես եկել. «բայց դա ավելի վաստ է, քան, որ սաբոտաժ աներ, քանի որ ստացվում է՝ որ ցանկություն ունենալով մատուցել պատշաճ ծառայություն, նրանց մոտ չի ստացվում»։
Հիշեցնենք, որ «Սանիթեք»–ը ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Հարկ ենք համարում անդրադառանալ նաեւ վերջին շրջանում մամուլում տարածում գտած այն մտքին, որ «Սանիթեք»-ը սաբոտաժ է անում եւ չի իրականացնում պատշաճ աղբահանություն՝ պայմանավորված Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականով: Հիշեցնում ենք, որ «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպություն է, որը չի մասնակցում երկրի որեւէ ներքաղաքական գործընթացի: Ընկերության միակ առաքելությունը մարդկանց սպասարկելն է»:
Իսկ ընկերության հիմնադիր, սեփականատեր Նիկոլաս Թավիլը անդրադառնալով այն լուրերին, որ «Սանիթեք»–ը սաբոտաժ է անում, նշել է, որ որ հույս ունի որոշ մարդիկ կդադարեն օգտագործել «Սանիթեքի» գործոնը քաղաքական դիվիդենտներ շահելու համար՝ նկատի ունենալով ավագանու «Ելք» խմբակցության անդամներին:
«Սանիթեքը» չունի տեղական գործընկերներ ո՛չ քաղաքական ոլորտում, ո՛չ էլ դրանից դուրս. «Սանիթեք»-ը 100 տոկոսանոց օտարերկրյա ներդրումներով ընկերություն է, 100 տոկոսով ապաքաղաքական է»,–հավելել է նա:





























