Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Կառավարությունը իր պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը հատկացրեց 2 410 եվրոյին համարժեք դրամ:

Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 2-ի նիստում: Այն ներառված էր օրակարգի չզեկուցվող հարցերի մեջ:

ՄԻԵԴ-ի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 29-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2,410 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 29-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 29-ն է: