«S.O.S Սեւան» նախաձեռնությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ իր մտահոգությունն է հայտնել Սեւանա լճից հավելյալ ջրառի կապակցությամբ:
Նամակում, մասնավորապես, ասված է.
«Հարգարժան պարոն վարչապետ,
«S.O.S Սեւան» նախաձեռնությունը հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից սկսում է «S.O.S Սեւան» քարոզարշավը հանուն Սեւանա լճի փրկության եւ ընդդեմ Սեւանա լճից հավելյալ ջրառի:
Հիմնավորում
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնել: Սկզբում շրջանառության մեջ դրվեց Սեւանա լճից բացի 170 միլիոն խմ-ն հավելյալ 85 միլիոն խմ ջրառ իրականացնելու նախագիծը, ապա ստանալով ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի բացասական կարծիքները, կոմիտեն կիսով չափ նվազեցրեց հավելյալ ջրառի չափը` սահմանելով 40 միլիոն խմ:
Մենք` «S.O.S Սեւան» նախաձեռնության անդամներս, կտրականապես դեմ ենք Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելուն, քանի որ.
Ներկայումս Սեւանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Լճում կուտակվում են օրգանական նյութեր, իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սեւանի ինքնամաքրմանը, իսկ բարձր ջերմաստիճանը ակտիվացնում է նոր, ոչ ցանկալի կենսաբանական գործընթացներ, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը:
Սեւանում կապտականաչ ջրիմուռների ծաղկումից հետո այդ ջրիմուռները նստում են լճի հատակին` առաջացնելով թթվածնի դեֆիցիտ: Սա կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սեւանա լճի ձկնաշխարհի վրա:
Սեւանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սեւան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, եւ ջուրը չի հասնում հողագործներին:
2018թ-ին հունիսի վերջից Սեւանա լճի մակարդակը սկսեց իջնել եւ հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սեւանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու:
Ջրային կոմիտեն նշում է, որ հավելյալ 40 միլիոն խմ ջրառից ստացված 38 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիայի շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նպատակային ներդրումներ իրականացնելուն: Նշենք, որ չի հրապարակվել, թե ինչ ներդրումային ծրագրերի իրականացմանն ուղղվեց 2017 թվականին Սեւանա լճից 100 միլիոն խմ հավելյալ ջրառից ստացված 1 միլիարդ 650 միլիոն դրամը եւ ով հաստատեց այդ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:
Սեւանա լճից հավելյալ 40 միլիոն խմ-ի ջրառի վերաբերյալ բացասական կարծիք է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությունը: «...Սեւանա լճի հետ կապված ցանկացած գործողության իրականացման հիմքում պետք է ընկած լինի օրենսդրությամբ սահմանված երեք գլխավոր սկզբունքի պահպանությունը, դրանք են.
ռեսուրսի սահմանափակ լինելը,
ազգային անվտանգության եւ ռազմավարական նշանակությունը,
էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը եւ պահպանումը:
... ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջարկում է Սեւան-Հրազդան ոռոգման համակարգի ջրի պահանջներն ապահովել ոչ թե Սեւանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելով, այլ Հրազդան գետի ջրավազանի ջրային ռեսուրսների եւ Սեւանա լճից սահմանված 170 միլիոն մ3 ջրբացթողումների տնտեսվար օգտագործման միջոցով:... Մարդածին զանազան ներգործությունների արդյունքում Սեւանա լճի էկոհամակարգը հայտնվել է խիստ անկայուն վիճակում, լճի ջրահավաք ավազանում ցանկացած նոր սխալ քայլ կարող է կործանարար լինել այս կարեւորագույն բնական օբյեկտի եւ նրա ռեսուրսների պահպանության համար: Հայաստանը՝ որպես էկոհամակարգային մոտեցումը որդեգրած երկիր, պետք է Սեւանա լճին վերաբերվի որպես բնական էկոհամակարգի, այլ ոչ թե որպես ջրամբարի»,- մասնավորապես նշված ՀՀ բնապահպանության նախարարության կարծիքում, որը, ըստ ՀՀ օրենսդրության, լիազորված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննական եզրակացության տրամադրման համար:
Առաջարկություններ.
«S.O.S Սեւան» նախաձեռնությունը վերոնշյալի հիման վրա առաջարկում է.
- մերժել Ջրային կոմիտեի մշակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը
հանձնարարել Ջրային կոմիտեին գտնել միջոցներ` կրճատելու Սեւան-Հրազդան ջրատարում ջրային կորուստների ծավալները,
- Սեւան-Հրազդան ջրատարից ապօրինի օգտագործվող ջուրն ուղղել Արարատյան դաշտի ոռոգմանը, գտնել լրացուցիչ ջրային ռեսուրսներ ոռոգման դեֆիցիտի լրացման համար եւ կարճաժամկետ ժամանակահատվածում ներկայացնել այդ սխեման
օրինական դաշտ բերել Արարատյան դաշտում գործող այն ձկնաբուծարաններին, որոնք ապօրինի ձեւով ձեռք են բերել ստորգետնյա ջրերի գերշահագործման ՋԹ-ներ,
- օրենքի շրջանակ վերադարձնել Արարատյան դաշտում իրականացվող ջրառի ծավալները` ստորգետնյա ջրերի հաշվեկշիռը վերականգնելու համար,
- կանգնեցնել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը, որի իրականացման արդյունքում չի լցվում Ազատի ջրամբարը,
- վերանայել Ջրօգտագործման ընկերությունների վարած քաղաքականությունը` հաշվի առնելով հողօգտագործողների շահերը եւ հասարակայնության կարծիքը:
«S.O.S Սեւան» նախաձեռնություն`
Ինգա Զարաֆյան` «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ
Կարինե Դանիելյան` «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ
Ամալյա Համբարձումյան` «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ
Հասմիկ Ասլանյան` «Շողեր» ՀԿ
Սիլվա Ադամյան` Էկոլոգիական հասարակական դաշինք
Սաթիկ Բադեյան՝ «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Ելենա Մանվելյան` «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ
Անահիտ Գեւորգյան` «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
Նազելի Վարդանյան`«Հայաստանի անտառներ» ՀԿ
Լիանա Ասոյան` «Բլեջան» ՀԿ
Էդվարդ Արզումանյան` անկախ էներգետիկ փորձագետ
Ռոզա Ջուլհակյան` փորձագետ
Մարտին Բադեյան՝ փորձագետ»:





























