Արարատի մարզի Նոր ուղի գյուղում օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Վեոլիա ջուր» ընկերությունից:

Ընկերության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ներկայումս Արարատի մարզի Նոր Կյանք գյուղը ջուր է ստանում օրական 5 ժամ, իսկ Փոքր Վեդի ու Լուսառատ գյուղերը՝ 2 օրը մեկ՝ 5 ժամ: Խնդիրը դրանց ջուր մատակարարող հարեւան Նոր Ուղի գյուղում գտնվող Օրվա կարգավորիչ ջրամբարի /ՕԿՋ/ փոքր ծավալն է, որը թույլ չի տալ բավարար քանակությամբ ջուր ամբարել:

Դրա համար էլ Վեոլիա ջուրը Նոր Ուղի գյուղում կառուցում է եւս մեկ ջրամբար՝ 1000 խորանարդ մետր տարողությամբ, որը ջուր է ստանալու «Գառնի-Լանջազատ-Երասխ» մայրուղային ջրատարից: Արժեքը՝ 84 մլն դրամ:

Աշխատանքները սկսվել են ս.թ. հունիսին եւ կավարտվեն տարեվերջին, որից հետո նշված գյուղերի ջրամատակարարումն արմատապես կբարելավվի: Այսօր դրանց ընթացքին տեղում հետեւում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ու Վեոլիա ջուր ՓԲԸ գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը:

Սա առաջին ծրագիրը չէ, որ ընկերությունն իրականացնում է Արարատի մարզում: Վեոլիա ջուրն իր գործունեության 1,5 տարվա ընթացքում մշտապես զբաղվել է մարզի համայնքների ջրամատակարարման խնդիրներով:

Այսպես, Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի քաղաքներում ու 22 գյուղում իրականցվել է ջրագծերի վերանորոգման եւ կառուցման աշխատանքներ: Ընդ որում շահագործումից հանվել է մոտ 7,5 կմ եւ կառուցվել մոտ 3,5 կմ ջրագիծ: Գինեվետ գյուղի տարածքում վերակառուցվել է «Գառնի-Լանջազատ-Երասխ» ջրատարի 650 մետրանոց մի հատված: Եւս մոտ 2000 մետրանոց հատված կառուցվել է դրա «Լանջազատ-Երասխ» տեղամասում: Նաեւ Գետազատ գյուղի մոտ է 500 մետրանոց ջրատար վերակառուցվել: Ուրցաձոր գյուղում կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար:

Ներկայումս նույն Ուրցաձորում կառուցվում է քլորակայան, իսկ առաջիկայում Վեդիում կսկսվի թվով 2 Օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումը /յուրաքանչյուրի արժեքը մինչեւ 100 մլն դրամ/, որով վերջնականապես կլուծվի ջրի խնդիրը քաղաքում: Եւ այս բոլորը՝ միայն Վեոլիա Ջրի կողմից հավաքագրվող վարձավճարի հաշվին, առանց պետության կամ միջազգային ֆինանսական կառույցների աջակցության:

Ջրաշինարարական աշխատանքները Արարատի մարզում լինելու են շարունակական: