Բրիտանիայում 18-ամյա Սաֆաա Բուլարը դատապարտվել է ցմահ ազատազրկման ահաբեկչություն ծրագրելու համար։ Նա Բրիտանիայում ահաբեկչության համար դատապարտված ամենաերիտասարդ կինն է, փոխանցում է BBC-ն։ 
Բուլարը ծնունդով Վոքսհոլ թաղամասից է, նա ջիհադական խմբավորման անդամ է, որը իրեն կոչում է «Իսլամական պետություն»։ Հունիսի սկզբին ատենակալների դատարանը Բուլարին մեղավոր էր ճանաչել երկու ահաբեկչական հարձակում ծրագրելու համար։
Բուլարը, ինչպես համարում է քննությունը, ԻՊ ծայրահեղական խմբավորման առաջին բջջի անդամներից է, որը բացառապես կանանցից է բաղկացած։ Հունիսի սկզբին դատապարտվել էին Բուլարի քույրն ու մայրը,որոնք նույնպես այդ բջջի անդամներ էին։ 
Աղջիկը դատարանի նիստ էր եկել արևմտյան հագուստով ու հայտնել, որ հրաժարվել է ծայրահեղական հայացքներից։ Բուլարի փաստաբանները վստահեցնում էին, որ նա վատ ազդեցության զոհ է եղել։ 
Բուլարն առաջին անգամ արմատական հայացքներին բախվել է 2012-ին, երբ նրա մայրը սկսել է աջակցել իսլամականության գաղափարները։ Երկու տարի անց աղջկա ավագ քույրը՝ Ռիզլեյնը փորձել է Սիրիա մեկնել։ 2015-ին Փարիզում տեղի ունեցած հարձակումից հետո, երբ Բուլարը 15 տարեկան էր ու պատրաստվում էր միջնակարգ դպրոցի ամփոփիչ քննությունների, նա համացանցում ծանոթացել է ԻՊ աղջիկ- ռեքրութերի հետ, իսկ նրա միջոցով՝ բրիտանացի Նավիդ Հուսեյնի հետ, որը ծնունդով Քովենթրի կոմսությունից է, ու ԻՊ անդամ։ Բուլարի ու Հուսեյնի շփմանը «Ինսթագրամում» հաջորդել է առցանց պսակադրության արարողությունը 2016-ի օգոստոսին, դեռահաս աղջիկը սիրահարվել էր տղամարդուն, որը կրկնակի մեծ էր նրանից։ 
Դատավարության ընթացքում հայտնի էր դարձել, որ Բուլարը ուզում է Հուսեյնի մոտ Սիրիա մեկնել, բայց չէր կարողացել, քանի որ անվտանգության ծառայությունների կասկածանքի տակ էր գտնվում։ 
Հուսեյնը սկսել է նրան համոզել, որ Լոնդոնում ահաբեկչություն կազմակերպի։ Միաժամանակ նա պատահաբար համացանցում իր ծրագրերը գաղտնազերծել էր ՄԻ-5 հակահետախուզության գործակալներին, որոնց իր համախոհներն էր համարում։ 
Երբ Հուսեյնը սպանվել է անօդաչուի հարվածով, Սաֆաա Բուլարը որոշել է ինքը շարունակել նրա գործը։ 
Հունիսին Սաֆաայի 22-ամյա քույր Ռիզլեյն Բուլարը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 16 տարի նվազագույն ժամկետով։ Քույրերի մայրը՝ 44-ամյա Մինա Դիչը, վեց տարի ու ինը ամսով է ազատազրկվել ահաբեկչություններին աջակցելու համար։ 
Եւ քույրը, և մայրը խոստովանել են, որ մտադիր էին ահաբեկչություն կազմակերպել, նրանք հետախուզել էին տեղանքը Վեստմինսթերի թաղամասը, գնել սառը զենք ու դրա համար համապատասխան պայուսակ։