Կոլումբիան հերքել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին Կոլումբիայի առաջնորդ Խուան Մանուել Սանտոսի իբրեւ թե մասնակցության մեղադրանքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անհեթեթ են հայտարարությունները, թե Կոլումբիայի առաջնորդը կարող էր պատասխանատու լինել Վենեսուելայի նախագահի դեմ ենթադրյալ մահափորձին, եւ դրանք ոչ մի հիմնավորում չունեն»,- նշված է երկրի ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
«Վենեսուելայի ղեկավարի մոտ արդեն սովորություն է դարձել բոլոր իրավիճակներում Կոլումբիային մեղադրելը: Մենք հարգանք ենք պահանջում նախագահ Խուան Մանուել Սանտոսի, կառավարության եւ կոլումբիացի ժողովրդի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Մադուրոն ազգին հղած ուղերձում չհաջողված մահափորձի պատրաստման մեջ մեղադրել էր աջ ուժերին՝ կոլումբիական աջերի եւ նախագահ Սանտոսի հետ համագործակցությամբ: Նա նաեւ հայտարարել էր, որ մահափորձի կազմակերպիչներից ոմանք բնակվում են Ֆլորիդայում, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր օգնել այդ «ահաբեկչական խմբերի» դեմ պայքարում:





























