Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքին:
Հեռագրում մասնավորապես ասվում է. «Ցավով տեղեկացա ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին։
Բարձր գնահատականի է արժանի մեծ գիտնականի, ազնիվ մտավորականի և ազգային-հասարակական գործչի գործունեությունը։ Սերգեյ Համբարձումյանի թե՛ գիտական, թե՛ մանկավարժական, թե՛ հասարակական աշխատանքը, որ տևել է տասնամյակներ, եղել է արդյունավետ և արգասաբեր։
Հեղինակավոր գիտնականն ու գիտական կազմակերպիչն արժանիորեն վայելում է իր գործընկերների, ուսանողների և ողջ գիտական հանրության սերն ու հարգանքը։
Իմ ցավակցությունն եմ հայտնում ականավոր գիտնականի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին»։
Հիշեցնենք, որ Սերգեյ Համբարձումյանը մահացել է օգոստոսի 4-ին: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին ժամը 18:00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ Հուղարկավորության արարողությունը՝ օգոստոսի 7-ին ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:





























